• Latest news

Քիմիաթերապիան վերջը չէ. քիմիայից հետո կարելի է երեխաներ ունենալ

1 սեպտեմբերի, 2015  10:37

Երիտասարդ ամուսնական զույգերի մեծամասնությունը ուռուցքային կամ սոմատիկ այլ ծանր հիվանդություններից բուժման ընթացակարգ անցնելուց հետո կորցնում է երեխա ունենալու կարողությունը:  Բայց ժամանակակից տեխնոլոգիաները զույգերին հնարավորություն են տալիս չկորցնել բեղունությունը եւ հիվանդությունից ապաքինվելուց հետո երեխա ունենալ:  Այդ տեխնոլոգիաների մասին NEWS.am Medicine-ի թղթակցին պատմել է  Ռուսաստանի Ժողովուրդների Բարեկամության Համալսարանի մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր, «Փորձանոթի երեխաներ» կլինիկայի ղեկավար Էմմա Վարդանյանը:

Որպես ամբողջ աշխարհում բեղունության պահպանման ամենատարածված միջոցներից մեկը, մասնագետը նշել է հյուսվածքների, գենետիկական նյութի եւ գամետաների (ձվաբջիջների եւ սպերմատոզոիդների) սառեցումը: Իհարկե, դա պետք է անել բեղունության վրա ազդող բուժումը սկսելուց առաջ: Իսկ բուժվելուց եւ առողջանալուց հետո հիվանդները կկարողանան օգտագործել պահպանված նյութը՝ ձվարանի հյուսվածքները, ձվաբջիջներն ու սպերմատոզոիդներն ու սեփական երեխաներն ունենալ:

«Նախկինում մարդիկ չգիտեին այդ հնարավորությունների մասին եւ քիմիաթերապիայից, սոմատիկ ծանր հիվանդություններից ու վիրաբուժական միջամտություններից հետո կորցնում էին իրենց վերականգնողական գործառույթները եւ այլեւս չէին կարողանում երեխա ունենալ: Բայց այժմ բջիջների արագ սառեցումը կարող է ամուսնական զույգի վերարտադրողական գործառույթների հետ կապված խնդիրների լուծման միջոց լինել»,- ասել է մասնագետը:

Սակայն պահպանված ամբողջ նյութը կարո՞ղ է օգտագործման համար պիտանի լինել:  

Գինեկոլոգի խոսքով, եթե սառեցվում է հյուսվածքը (օրինակ՝ ձվարաններինը), չի կարելի միանշանակորեն կանխատեսել արդյունքը. այն կարող է չարմատակալել, օրգանիզմը կարող է պատվաստելիս վանել այն:  Իսկ ձվաբջիջները, սպերմատոզոիդները եւ էմբրիոնները շատ արդյունավետ կերպով սառեցվում եւ հալեցվում են ու հետագայում, հավանականության մեծ տոկոսով, հղիության են հանգեցնում:

Էմմա Վարդանյանը հույս ունի, որ շուտով բեղունության պահպանման բոլոր պրոցեդուրաները, որոնք լավ արդյունք են տալիս այլ երկրներում, կներդրվեն նաեւ Հայաստանում: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, որտեղ մասնագետն աշխատում է, այնտեղ արդեն 7 տարի է՝ էմբրիոններ են սառեցնում, սպերմատոզոիդներ սառեցնում էին շատ վաղուց եւ արդեն 5 տարի կլինի, որ սկսել են հյուսվածքներ սառեցնել: Վերջին 2-3 տարվա ընթացքում սկսել են ավելի ակտիվորեն օգտագործել այդ տեխնոլոգիան:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել