• Latest news

Հայաստանում քաղցկեղով հիվանդ կինը երեխա է ծնել

2 սեպտեմբերի, 2015  11:49

Ասյան անհամբերությամբ սպասում էր դստեր լույս աշխարհ գալուն, երբ իմացավ որ լուրջ հիվանդություն ունի՝ ոչխոջկինյան լիմֆոմա՝ չարորակ հիվանդություն, որը սպառնում էր միանգամից երկուսի կյանքին:

Ասյան, ով ապրում է Ռուսաստանում, այցելել է Ռուսաստանի երեք խոշոր բուժարաններ, եւ բոլոր տեղերում նրան նույնն են ասել՝ պետք է ընդմիջել հղիությունը եւ անմիջապես սկսել քիմիաթերապիայի բուժում: Նման որոշում կայացնելը բարդ էր, դրա համար էլ Ասյան, ցանկանալով լսել եւս մեկ կարծիք, եկել է իր հայրենիք՝ Հայաստան: Հղիության 22-23-րդ շաբաթում Ասյան եկել է բժիշկ hեմատոլոգ Մարինե Մելիք- Անդրեասյանի մոտ: Եվ հենց նրանից է լսել խոսքեր, որոնք ջերմացրել են նրա հոգին. Կարելի է սկսել բուժումը՝ պահպանելով հղիությունը:

Բնականաբար սա այն որոշումներից չէ, որը բժիշկը կարող է կայացնել մի քանի րոպեում. Բժշկուհի Մելիք- Անդրեասյանը մի քանի օր մտածել է, մինչեւ հիվանդին պատասխան տալը: Չափազանց շատ խնդիրներ ու բարդություններ կային, որոնց հետ պետք էր հաշվի նստել...

Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում պատմել է բժշկուհի Մելիք- Անդրեասյանը՝ հիմնական բարդությունն այն էր, որ Ասյայի մոտ ուռուցքային զանգվածը գտնվում էր միջնապատում, ինչը նշանակում էր, որ դրա վիճակին հետեւելը շատ ավելի բարդ էր լինելու՝ այդ զանգվածը հնարավոր չէր հետազոտել ոչ սոնոգրաֆիայի միջոցով, ոչ էլ ձեռքով շոշափելով: Բուժման արդյունավետության մասին տեղեկություններ կարող էին հաղորդել միայն կոնտրաստային տոմոգրաֆիան ու ռենտգենոսկոպիան, բայց դրանք հակացուցված են հղիության ժամանակ:

Այո, բարդություններ շատ կային, բայց բժշկուհին հասկանում էր, որ հղիությունը դադարեցնելը մեծ հարված կլիներ Ասյայի համար՝ թե ֆիզիկական, թե հոգեկան: Հաշվի առնելով դա, ինչպես նաեւ ժամանակակից բժշկության մոտեցումները այդ հարցին՝ բժշկուհին որոշեց, որ պետք է անել հնարավոր ամեն ինչ՝ եւ երեխայի, եւ մոր կյանքը պահպանելու համար:

Անցյալում չարորակ հիվանդությունների դեպքում հղիությունը միանշանակ ընդհատում էին, հետո նոր քիմիաթերապիայի կուրս սկսում: Սակայն վերջին տասը տարիներին այս խնդրի ուսումնասիրությամբ զբաղվող մասնագետները հանգել են այն եզրակացության, որ երկրորդ կեսին հղիությունն արհեստականորեն ընդհատելը չափազանց մեծ սթրես է կնոջ օրգանիզմի եւ հոգեկան աշխարհի համար, իսկ այդ ապրումները բացասաբար են ազդում նույնիսկ բուժման հետագա ընթացքի վրա: Իսկ եթե կինը դրական է տրամադրված, նրա բուժումը շատ ավելի հեշտ եւ արդյունավետ է լինում:

Այլ հարց է, որ քիմիաթերապիայում գործածվող մի քանի դեղամիջոցներ վտանգավոր են պտղի համար: Բնականաբար հղիության առաջին կեսում, երբ ձեւավորվում են պտղի օրգանները, չի կարելի գործածել ոչ մի դեղամիջոց: Սակայն, ինչպես ցույց է տվել համաշխարհային պրակտիկան, դրանց կիրառումը հղիության երկրորդ կեսին սովորաբար ոչ մի սարսափելի հետեւանքներ չի ունենում՝ երեխաները ծնվում են առողջ ու բարդացումների կամ հիվանդությունների հավանականությունը նրանց մոտ գրեթե նույնն է, ինչ մյուս երեխաների մոտ:

Եվ այսպես, հեմատոլոգը սկսել է բուժել Ասյային ու անց է կացրել քիմիաթերապիայի 4 կուրս: Ասյան իրոք լավ էր տանում բուժումը, այն գիտակցությունը, որ երեխան ապրելու է ու որ ինքն էլ պետք է ապրի հանուն նրա, Ասյային ուժ էր տալիս, ու նա շատ հանգիստ էր դիմանում բուժման բոլոր կողմնակի ազդեցություններին:

Միաժամանակ Էրեբունի հիվանդանոցի մանկաբարձ գինեկոլոգները հետեւում էին թե Ասյայի, թե պտղի վիճակին ու նրանց եւ հեմատոլոգի միջեւ մշտական կապ կար, ցանկացած նշանակում քննարկվում էր:

Եվ ահա բժիշկները վերջապես նշանակեցին կեսարյան հատման օրը: Օրն ընտրել էին քիմիաթերապիայի երկու կուրսերի միջեւ, որպեսզի Ասյան կարողանար ուշքի գալ վիրահատությունից, հետո նոր սկսել հաջորդ կուրսը: Երեխան, նեոնատոլոգների ու մանկաբույժների գնահատականով, ծնվել է հասուն եւ միանգամայն առողջ: Ծնվել է աղջիկ, ում անվանել են Մարինե՝ Մարինե Մելիք-Անդրեասյան բժշկուհու պատվին:

Ի դեպ, Հայաստանում սա երկրորդ դեպքն է, երբ արյան եւ լիմֆատիկ հանգույցների չարորակ հիվանդությամբ կինը երեխա է ծնում: Առաջին դեպքը երկու տարի առաջ էր, ու հետաքրքիր է, որ այդ հիվանդին դարձյալ Մարինե Մելիք-Անդրեասյանն էր բուժում: Ծնվել էր առողջ տղա, ում անունն ընտրելու իրավունքը ծնողները տրամադրել էին բժշկուհի Մելիք-Անդրեասյանին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել