• Latest news

Ամենից շատ ափսոսում եմ, որ չեմ կարող դստերս կրծքով կերակրել. պատմում է ՄԻԱՎ-ով ապրող կինը

29 սեպտեմբերի, 2015  20:42

Մի հով աշնանային առավոտ Նարինեն գնաց իր տեղամասային պոլիկլինիկա: Նա կարծում էր թե գինեկոլոգն ու բուժքույրը հերթական անգամ կկշռեն իրեն, ՈւՁՀ կանեն ու կասեն, որ իր եւ իր ապագա երեխայի մոտ ամեն ինչ կարգին է: Գուցե նույնիսկ կասեն, թե ինչ սեռ ունի երեխան: Բայց այդ օրը Նարինեին բոլորովին այլ նորություն էր սպասում:

«Ձեզ մոտ ՄԻԱՎ է հայտնաբերվել», - ասաց գինեկոլոգը, նայելով ինչ-որ ուրիշ կողմ ու խուսափելով աղջկա աչքերին նայելուց:

«Սա վերջն է», - կարծեց Նարինեն: - «Իմ խեղճ երեխա, ես երբեք երեխա չեմ ունենա...»

Նարինեն հասկացավ, որ ամենայն հավանականությամբ ամուսինը վարակված է եղել դեռ մինչեւ հարսանիքը ու ինքն էլ նրանից է վարակվել: Բայց այդ պահին նրան քիչ էր հուզում, թե ինչպես ու ինչու է ինքը վարակվել, նրան նույնիսկ չէր մտահոգում, թե ով կիմանա իր հիվանդության մասին ու ինչ կմտածի. Նրան մտահոգում էր միայն երեխայի առողջությունը, ինչի մասին էլ նա հարցրեց գինեկոլոգին: Ի՞նչ է լինելու երեխայի հետ: Նա ո՞ղջ կմնա: Կկարողանա՞ առողջ ծնվել:

Երեւանի ծայրամասերից մեկի պոլիկլինիկայի գինեկոլոգը քիչ բան գիտեր ՄԻԱՎ-ի մասին ու չկարողացավ պատասխանել աղջկա հարցերին: «Գուցե ստիպված կլինեք ընդհատել հղիությունը», - ասաց նա, ու Նարինեի սիրտը, ով վաղուց էր երազում երեխայի մասին, քիչ էր մնում կանգ առներ:

Բարեբախտաբար Նարինեին  ավելի շատ տեղեկություններ հաղորդեցին ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում, ուր նրան ուղարկեց գինեկոլոգը: Այնտեղ նրան ասացին, որ երեխայի հետ ամեն ինչ լավ կլինի, պարզապես Նարինեն պետք է դեղեր խմի, իսկ երբ կգա ժամանակը, նրան կեսարյան հատում կանեն, ու երեխան ամենայն հավանականությամբ չի վարակվի: Միակ խնդիրն այն է, որ Նարինեն չի կարողանա երեխային կրծքով կերակրել, քանի որ ՄԻԱՎ-ը նաեւ կրծքի կաթով է փոխանցվում:

Նարինեն չգիտեր ուրախանար, թե տխրեր: Մի կողմից երեխան կարող էր առողջ ծնվել, ինչը հրաշալի նորություն էր: Մյուս կողմից էլ ստիպված էր լինելու նրան կերակրել աստված գիտի թե ինչով, ինչի պատճառով Նարինեն իրեն շատ մեղավոր էր զգում:

«Շատ ծանր է գիտակցել, որ իմ հիվանդության պատճառով երեխաս չի կարողանա սնվել մայրական կաթով: Ես գիտեմ, որ մայրական կաթը շատ օգտակար է երեխայի համար: Չեմ հասկանում, թե ինչպես են այն կանայք, ովքեր ի վիճակի են կերակրել, գիտակցաբար հրաժարվում դրանից ու իրենց երեխաներին արհեստական կերեր տալիս», - հոգոց է քաշում Նարինեն՝ զրուցելով NEWS.am Medicine թղթակցի հետ:

Նարինեի դուստրն իրոք առողջ ծնվեց, դա հաստատեցին մի քանի անալիզներ: Իսկ Նարինեն սովորեց ապրել իր հիվանդությամբ, այն տեղեկությունների շնորհիվ, որը ստանում էր ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոնից ու ՄԻԱՎ-ով հիվանդ այլ մարդկանցից, ում հետ ծանոթացել էր:

«Սկզբում ինձ թվում էր, թե այս աշխարհում միայն ես եմ հիվանդ այս հիվանդությամբ, ու ոչ ոք ինձ չի կարող հասկանալ: Բայց երբ ես ծանոթացա ուրշների հետ ու սկսեցի շփվել նրանց հետո, ամեն ինչ շատ ավելի հեշտացավ: Բուն հիվանդությունն ինձ չի խանգարում, ես դեղորայք եմ խմում ու ինձ լավ եմ զգում: Հիմա ամենաշատն ափոսում եմ, որ դստերս չեմ կարող կրծքով կերակրել», - պատմեց Նարինեն:

Ճիշտ է, առօրյա խնդիրներ նա նույնպես շատ ունի . նախ ամեն օր ստիպված է արհեստական կաթնախառնուրդներ պատրաստել երեխայի համար (փորձելով հաղթահարել մեղքի զգացումը): Երկրորդը՝ այդ կերերի վրա ստիպված է շատ գումար ծախսել («Փառք աստծու, որ մեր դեղերը մենք անվճար ենք ստանում... Թե չէ չգիտեմ, թե ինչ էինք անելու», - ասաց Նարինեն):

Երրորդ՝ բոլոր հարազատներն ու ծանոթները հարցնում են, թե ինչու նա երեխային կրծքով չի կերակրում: Իր հիվանդության մասին Նարինեն գրեթե ոչ մեկին չի պատմում, չի ուզում որ իրենից վախենան կամ խղճան:

«Ես ստիպված եմ բոլորին ասել, որ կեսարյան հատումից հետո կաթ չունեմ: Բոլորն ասում են, որ ես պետք է փորձեմ, չէ՞ որ եթե ուզեմ, կաթն անպայման կհայտնվի, իսկ ես չգիտեմ, թե ինչպես նրանց ասեմ, որ ես ինքս կուզեի կերակրել իմ աղջկան, բայց ավաղ... Ստիպված եմ ասել, որ բժիշկներն են ինձ ասել, որ ես չեմ կարող կերակրել: Իսկ նրանց մեկնաբանություններից ես ինձ միայն ավելի վատ եմ զգում», - պատմեց Նարինեն:

Ամալյա Գաբրիելյան

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել