• Latest news

Ինչո՞ւ է հակաբիոտիկների հանդեպ կայունությունը լուրջ խնդիր

1 հոկտեմբերի, 2015  18:44

Հակաբիոտիկների հանդեպ կայունությունը համաշխարհային լուրջ խնդիր է համարվում, որը վերաբերում է բոլոր երկրներին, առանց բացառության։ Իսկ ի՞նչ վտանգ է ներկայացնում այդ կայունությունը։ Այդ հարցը փորձել է պարզել NEWS.am Medicine-ի թղթակիցը Հայաստանի Առողջապահության նախարարության հանրային առողջության հարցերով գլխավոր մասնագետ՝ Քրիստինե Գյուրջյանի միջոցով, ով նաեւ պատասխանատու է հակամանրէային դեղամիջոցների հետ կապված հարցերի համար։

Երբ մարդիկ հակաբիոտիկներ են օգտագործում, դրանց արդյունավետությունը ժամանակի հետ նվազում է, որովհետեւ բոլոր օրգանիզմներին հատուկ է հարմարվել նոր պայմաններին․ հիվանդածին բակտերիաները նույնպես հարմարվում են եւ անզգայունակ են դառնում այն դեղամիջոցների հանդեպ, որոնց արդեն առիթ են ունեցել բախվելու։ Դա հատկապես արագ է տեղի ունենում, եթե մարդիկ շատ հակաբիոտիկներ են ընդունում կամ էլ եթե սխալ են անում դա․ օրինակ՝ մինչեւ վերջ չեն խմում բժշկի նշանակած կուրսը (մտածելով, որ եթե հիվանդության ախտանիշները վերացել են, բուժումը կարելի է դադարեցնել․«Ինչո՞ւ ինձ ավելորդ թունավորեմ հակաբիոտիկներով»), կամ էլ հակաբիոտիկներ են ընդունում առանց լուրջ անհրաժեշտության։

Ինչպես նշեց Քրիստինե Գյուրջյանը, առկա հակաբիոտիկների դեմ դիմադրողականությունն աշխարհում զարգանում է ավելի արագ, քան ստեղծվում են նոր հակաբիոտիկներ։ Նոր դեղամիջոցների ստեղծման ընթացքը երկար է եւ դժվար․ ինչպես ցույց է տվել ամերիկացի գիտնականների հետազոտությունը, մեկ արդյունավետ դեղամիջոցի ստեղծման համար անհրաժեշտ է մոտ 7000 գիտնական եւ 100 տարվա աշխատանք։

«Ստացվում է, որ վաղը-մյուս օրը մենք այնպիսի վարակիչ հիվանդություններ կունենանք, որոնց հարուցիչները կդիմադրեն առկա հակաբիոտիկներին եւ չի լինի այնպիսի դեղ, որը բուժի այդ վարակը», - նշեց մասնագետը։

Դա նշանակում է, որ եթե հակաբիոտիկների դեմ կայունության խնդիրը չլուծվի, երկրագնդում կարող են նորից գլուխ բարձրացնել այնպիսի խնդիրներ, որոնց  մարդկությունը բախվել է մինչեւ հակաբիոտիկների ստեղծումը, երբ տասնյակ հազարավոր մարդիկ մահանում էին հասարակ վարակներից։

Ամենասարսափելին այն է, որ բոլոր այդ աղետներն այնքան հեռու չեն, որքան կարող են թվալ։ Այժմ էլ բավականին մեծ է վարակիչ այնպիսի հիվանդություն ունեցողների թիվը, որոնց հնարավոր չէ բուժել սովորական հակաբիոտիկներով։ Ցավոք սրտի, Հայաստանի վերաբերյալ հավաստի վիճակագրական տվյալներ չկան (չնայած, օրինակ՝ դեղերի դեմ կայունություն ունեցող թոքախտով հիվանդներ այստեղ էլ շատ կան), իսկ ԱՀԿ-ի տվյալներով, Եվրոպայի 27 երկրում տարեկան պաշտոնապես գրանցվում  է մոտ 400 000 հիվանդ, որոնք վարակված են դեղերի դեմ կայունություն ունեցող բակտերիաներով (իրականում նրանց թիվը շատ ավելի մեծ է)։ Ամեն տարի այդ հիվանդներից 25 000-ը մահանում է։ Եթե ոչինչ չձեռնարկվի, այդ թվերը հետեւողականորեն կաճեն։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է