• Latest news

Արդյոք անհրաժե՞շտ է Հայաստանում պարտադիր բժշկական ապահովագրություն ներդնել

4 հոկտեմբերի, 2015  15:03

Հայաստանում պարտադիր բժշկական ապահովագրություն ներդնելու հարցը քննարկվել է մի քանի տարի առաջ, Առողջապահության նախարարությունը նույնիսկ համապատասխան օրինագիծ է մշակել, որը փոխանցվել է Կառավարությանը, բայց չի քննարկվել։ Կապված է դա նրա հետ, որ ժողովուրդը սվիններով  դիմավորեց «Կուտակային կենսաթոշակների» մասին օրենքը, Պետական առողջապահական գործակալության ղեկավար Սարո Ծատուրյանն ասել չի կարող,  օրինագծի մանրամասներն էլ նա ներկայացնել չցանկացավ՝ համարելով, որ այս պահին դա տեղին չէ, որովհետեւ օրինագծի ճակատագիրն առայժմ անհայտ է։

Այնինչ, բուժհիմնարկների շատ ղեկավարներ, ինչպես նաեւ բժիշկներ բժշկական պարտադիր ապահովագրությունը համարում են բուժծառայությունների դիմաց վճարման խնդրի լավագույն լուծում։ Նրանց կարծիքով, կլուծվի ամենակարեւոր խնդիրը,  որը ժողովրդի մեջ մեծ դժգոհություն է առաջ բերում, երբ բժիշկը, իր անմիջական պարտականությունները կատարելու փոխարեն,   հիվանդի կամ «հիվանդատիրոջ» հետ դրամական հարցեր է քննարկում։ Ընդ որում, բժիշկը վստահ կլինի, որ ինքը կվարձատրվի, իսկ հիվանդը ստիպված չի լինի խոշոր գումարներ պարտք վերցնել։ Առողջապահության ոլորտի որոշ մասնագետներ առաջարկում են շեշտը դնել ոչ թե պարտադիր բաղադրիչի վրա, այլ հաջողված օրինակների, մասնավորապես՝ Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության (ԱՊՊԱ) եւ սոցփաթեթների, եւ ցույց տալ նման մոտեցման առավելությունները։ Այս դեպքում առաջարկվում է  փոխել բուժծառայությունների ֆինանսավորման ամբողջ սխեման։ Բայց դրա մասին՝ քիչ հետո։

Պարտադիր բուժապահովագրության  ներդրման համար NEWS.am-ի աղբյուրի կարծիքով կարելի է փոխառել հետխորհրդային որեւէ երկրի, մասնավորապես՝ Մոլդովայի հաջող փորձը, որտեղ բժշկական ապահովագրության համար ոչ թե ամրագրված գումար են վճարում, այլ աշխատավարձի 7 տոկոսը։ Փաստացի՝ ով շատ է վաստակում, նա ավելի շատ է վճարում։ Ընդ որում գումարի կեսը (3.5 տոկոսը) վճարում է գործատերը։

Պետական կառույց կկառավարի այդ միջոցները, թե մասնավոր ընկերություններ, էական չէ, կարեւորն այն է, որ Առողջապահության նախարարությունը առկա բոլոր բուժական հիմնարկների ցուցակագրում կանցկացնի եւ ապահովագրության դիմաց բուժական ծառայություններ տրամադրելու պայմանագիր կկնքի միայն նրանց հետ, որոնք համապատասխանում են որոշակի պահանջների։ Այդ պայմանագրերում պիտի արձանագրվեն ծառայությունների գները՝ հաշվի առնելով հիվանդանոցի եկամուտը, բուժանձնակազմի աշխատավարձերը, ինչպես նաեւ զարգացման համար անհրաժեշտ գումարները ասենք՝ հինգ տարվա կտրվածքով։ Վերջին պահանջը շատ կարեւոր է, եւ պետությունը պիտի վերահսկի դրա իրականացումը, այլապես գումարները կհայտնվեն մի քանի հոգու գրպանում եւ ոչ մի զարգացում չի լինի։ Իսկ դրա հետեւողական իրականացման դեպքում հնարավորություն կստեղծվի նորագույն տեխնիկա ձեռք բերել, արտասահմանում վերաորակավորել բժիշկներին, ներգրավել երիտասարդ մասնագետների եւ այլն։ Բժշկի մասնագիտությունը նորից պահանջված կդառնա։ Այսինքն բժշկական ապահովագրությունը բուժհիմնարկների ներկայիս խնդիրների որոշակի համակարգային լուծում է խոստանում, պնդում են դրա կողմնակիցները։

Մեկ այլ տարբերակով առաջարկվում է Պետական ապահովագրական հիմնադրամ ստեղծել, որը կարելի է հանձնել մասնավոր ընկերության կառավարմանը։ Այդ հիմնադրամում պիտի հավաքվեն բժշկությանը տրամադրվող բոլոր գումարները, ներառյալ պետական եւ անհատական ապահովագրական վճարները։ Պետպատվերը՝ ինչպիսին որ կա ներկայումս, պիտի վերացվի, բոլոր պետական գումարները պիտի հասնեն անվանական ապահովագրության տեսքով եւ այն իրավիճակը, որն առկա է այսօր, երբ մարդուն ըստ էության պետպատվեր է հասնում, բայց դրա համար գումար չկա, չպիտի լինի։

Դա պիտի հիմնադրամ լինի, որովհետեւ հիմնադրամը որոշ առանձնահատկություններ ունի, օրինակ՝ կարող է փողի միջոցով փող աշխատել։ Ի տարբերություն ներկայումս գործող Առողջապահական գործակալության, այն չպետք է զբաղվի բուժհիմնարկների միջեւ գումարներ բաշխելով: Գումարները պիտի գնան հիվանդի հետեւից՝ այնտեղ, որտեղ ինքը կդիմի։ Դա կհանգեցնի «բնական ընտրության» եւ բուժհիմնարկների միջեւ առողջ մրցակցության։ Ընդ որում, չի կարելի մարդկանց ստիպողաբար տանել դեպի բուժապահովագրության գաղափարը, այլ, օրինակ, պետք է ներկայացնել ապահովագրության դրական փորձերը, ասենք՝ ԱՊՊԱ–ն։

Ինչ վերաբերում է բնակչության հնարավոր դիմադրությանը, ինչպես դա եղավ կուտակային կենսաթոշակի պարագայում, նշվում է, որ կուտակային կենսաթոշակը չափից ավելի հեռավոր հեռանկար է, եւ ժողովուրդը վստահ չէ, թե իր կուտակած գումարը  n տարի անց ապահով կվերադարձվի իրեն:

Բժշկական ապահովագրության պարագայում բնակչությունն անմիջապես կզգա դրա օգուտը։ Անցյալ տարի NEWS.am  Medicine-ի անցկացրած հարցումը այն մասին, թե մարդիկ որքան են պատրաստ վճարել պարտադիր բժշկական ապահովագրության համար, ցույց է տվել, որ Հայաստանում մեծամասնությունն առայժմ պատրաստ չէ վճարել (65 % ): Այժմ կայքում տեղադրված է նոր հարցում, որը մի քիչ այլ կերպ է ձեւակերպված, պետք է ուղղակի պատասխանել հետեւյալ հարցին. Հայաստանում պետք է ներդնել պարտադիր բժշկական ապահովագրություն, թե ոչ:

ՀԳ. Հոդվածի հրապարակման պահին հարցման արդյունքները հետեւյալն են. 48% - ը կողմ է,  39% - ը՝ դեմ, իսկ 13% - ը չի կողմնորոշվել: Հարցումը շարունակվում է:

 

Անահիտ Սարգսյան

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է