• Latest news

Կրծքագեղձի ուռուցքներ. այն ամենն, ինչ ուզում էիք իմանալ

10 հոկտեմբերի, 2015  11:46

Կրծքագեղձի ուռուցք ասելով՝ մարդկանց մեծամասնությունը սովորաբար հասկանում է քաղցկեղ: Սակայն կան բարորակ գոյացությունների բազմաթիվ տարատեսակներ, որոնց մասին տեղեկություններն ավելի քիչ են, քան քաղցկեղի մասին: Այն մասին, թե ինչպիսին են լինում կրծքագեղձի ուռուցքները,NEWS.am Medicine-ի թղթակցին պատմել է «Մալաթիա» բուժկենտրոնի մանկաբարձության եւ գինեկոլոգիայի կլինիկայի ղեկավար Արման Նազինյանը:

 Փորձենք հասկանալ, թե ուռուցքների ինչ տեսակներ են մտնում այս կամ այն խմբի մեջ, ինչու են դրանք գոյանում ու ինչպես կարելի է կանխել դրանց գոյացումը:

Բարորակ ուռուցքներ

1. Ֆիբրոադենոմաներ՝ կրծքի բարորակ ուռուցքների ամենատարածված տեսակը: Դրանք ստորաբաժանվում են մի քանի տեսակի, ու դրանցից ամենավտանգավորն այն գոյացություններն են, որոնց մեջ կան ատիպիկ բջիջներ: Ժամանակակից սարքավորումները հնարավորություն են տալիս տարբերակել սովորական ֆիբրոադենոմաները ֆիլոիդներից, որոնք կարող են վերածվել քաղցկեղային ուռուցքի, հետեւաբար պետք է հեռացվեն վիրահատական ճանապարհով:

2. Ներծորանային պապիլոմաներ՝ բարորակ ուռուցքի մեկ այլ տեսակ: Նման պապիլոմաները ֆիբրոադենոմաներից ավելի հազվադեպ են հանդիպում:

3. Տերեւատիպ ուռուցքները բարորակ ուռուցքների երրորդ տարատեսակն է:

Բարորակ ուռուցքների ուրիշ տեսակներ էլ կան, սական դրանք շատ հազվադեպ են հանդիպում:

Բարորակ ուռուցքների առաջացման պատճառները

Խոսելով բարորակ ուռուցքների զարգացման պատճառների մասին՝ բժիշկ Նազինյանը նշեց ժառանգական հակումը, գենետիկ հակումը, հորմոնալ խանգարումները, գինեկոլոգիական հիվանդությունները (միոմաներ, ձվարանների պաթոլոգիաներ ու էնդոմետրիոզ), ճարպակալումը, առաջին ծննդաբերությունը մեծ տարիքում, ծննդաբերությունը փոքր տարիքում ու հղիության հաճախակի արհեստական ընդհատումները: Նման ուռուցքների զարգացման հավանականության վրա ազդում է նաեւ կրծքով կերակրելը՝ այն ինչ -որ չափով պաշտպանում է կնոջը ուռուցքներից, սակայն չափից երկար կերակրելը նույնպես կարող է վնասակար լինել կրծքագեղձի առողջության համար:

Բուժում

Ֆիբրոադենոմայի դեպքում բուժումը պայմանավորված է դրա չափերով, դիրքով, պաթոլոգիական արյան հոսքի առկայությամբ ու մի շարք այլ գործոններով: Որոշ դեպքերում բավական է բժշկի հսկողությունը, մնացած դեպքերում ուռուցքը հեռացվում է վիրահատական ճանապարհով:

Ներծորանային պապիլոմաներն ու տերեւատիպ ուռուցքները պետք է հեռացվեն վիրահատական ճանապարհով՝ անկախ դրանց չափերից ու այլ գործոններից, քանի որ դրանք վտանգավոր են ու կարող են վերածվել չարորակ ուռուցքների:

Ինչպե՞ս հասկանալ, որ դուք ուռուցք ունեք

Արման նազինյանը խորհուրդ է տալիս ժամանակ առ ժամանակ ինքնազննում կատարել՝ զգուշորեն ու ուշադիր զննել կուրծքը պառկած դիրքում կամ ցնցուղի տակ: Եթե կրծքում որեւէ կոշտուկ կամ տարօրինակ գոյացություն եք նկատում, պետք է անհապաղ դիմեք բժշկի՝ ախտորոշման համար:

Բացի այդ, մինչեւ 40 տարեկան կանանց խորհուրդ է տրվում տարեկան մեկ անգամ կրծքագեղձի ուլտրաձայնային հետազոտություն անել, իսկ 40 անց կանանց՝ մամոգրաֆիական հետազոտություն: Միայն այդ հետազոտությունները կօգնեն ժամանակին հայտնաբերել խնդիրը, իսկ վաղ ախտորոշումն ավելի արդյունավետ բուժման հնարավորություն է տալիս:

Չարորակ ուռուցքներ

Չարորակ ուռուցքների բազմաթիվ տարատեսակներ կան, տարբեր են նաև դրանց դասակարգման նկատմամբ մոտեցումները: Ամենից հաճախ մասնագետներին հանդիպում է կրծքագեղձի ադենոկարցիոնոման:

Ախտորոշում

Քաղցկեղային ուռուցքը նույնիսկ ամենավաղ փուլում կարելի է հայտնաբերել մամոգրաֆիական հետազոտության օգնությամբ . եթե այդ հետազոտության ընթացքում չարորակ պրոցեսների վերաբերյալ կասկածներ են առաջանում, մասնագետները կասկածելի հատվածից նշանակետային բիոպսիա են անում՝ ՈՒՁՀ վերահսկողության տակ:

Բուժումը ու ապաքինվելու հավանականությունը

Եթե քաղցկեղը հաստատվում է, մասնագետներն ընտրում են բուժման մարտավարություն, որը պայմանավորված է հետազոտությունների տվյալներով ու նյութի գիստոլոգիական հետազոտությունով, որին պետք է հաջորդեն նաեւ իմունոգիստոքիմիական ու գենետիկ ախտորոշումները:

Կրծքագեղձի քաղցկեղի առաջին փուլում հիմնականում օգտագործում են վիրահատական բուժում՝ հետագա ճառագայթային թերապիայով: Ընդ որում, ինչպես նշել է բժիշկ Նազինյանը, եթե նախկինում անում էին ռադիկալ մաստէկտոմիա՝ պահպանելով կրծքամկանը, իսկ դրանից էլ առաջ նույնիսկ մկանն էին հեռացնում, ապա ներկայում վիրաբույժները նախապատվությունը տալիս են օրգանի պահպանումով վիրահատություններին, որոնց ժամանակ, ինչպես կարելի է հասկանալ դրանց անվանումից, պահպանվում է կրծքի հյուսվածքների առավելագույն հնարավոր մասը:

Ավելի ուշ փուլերի քաղցկեղի բուժման մարտավարությունը պայմանավորված է մի շարք գործոններով։ Նույնիսկ ուշ փուլերում բուժումը կարող է շատ արդյունավետ լինել, բայց փաստը մնում է փաստ՝ որքան շուտ հայտնաբերվի քաղցկեղը, այդքան շատ է հիվանդի ապաքինման հավանականությունը: Առաջին փուլում հինգ տարվա սահմանագիծը հաղթահարում են  90 տոկոսը, երկրորդ փուլում՝ 75 տոկոսը, իսկ երրորդում՝ 60 տոկոսը:

Բժիշկ Նազինյանը կոչ է անում կանանց ավելի հաճախ դիմել սքրինինգային մեթոդների՝ մինչեւ 40 տարեկան ՈւՁՀ անել, իսկ 40 –ից հետո՝ մամոգրաֆիա, քանի որ ուռուցքների հայտնաբերումը վաղ փուլերում հնարավոր է դարձնում լիարժեք ապաքինումը:

«Բուժման ժամանակակից մեթոդները թույլ են տալիս ոչ միայն ավելացնել կյանքի տեւողությունը, այլեւ ամբողջովին բուժել հիվանդին»,- նշեց մասնագետը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է