• Latest news

Դոնորական օրգանների փոխպատվաստում. Մերձավոր եւ հեռավոր արտասահմանի ուսուցողական փորձը

9 հոկտեմբերի, 2015  16:12

Հիվանդի կյանքը փրկելը, նրա համար նորմալ, սոցիալապես ինտեգրված կյանքի ապահովումը քննարկման ենթակա չէ, բայց քննարկվում են այդ նպատակին հասնելու մոտեցումները, եւ Հայաստանում սուր է դիակային դոնորական օրգանների հարցը։  Այդ մասին օրգանների եւ հյուսվածքների փոխպատվաստման թեմայով հոկտեմբերի 9-ի խորհրդարանական լսումների ընթացքում ասել է Առողջապահության, մայրության եւ մանկության հարցերով հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը՝ հավելելով, որ մենք պիտի քայլեր եւ մեխանիզմներ մշակենք նման պրակտիկայի ներդրման համար։ 

Լսումների ընթացքում ներկայացվել է այդ հարցի վերաբերյալ Եվրոպայի առաջավոր երկրներից մեկի՝ Բելգիայի, ինչպես նաեւ մեր հարեւան Իրանի փորձը։  Անտվերպենի համալսարանական կլինիկայի պրոֆեսոր Մարկ Դե Բրուիխոսքով, Բելգիայում օրենք է գործում, որի համաձայն, յուրաքանչյուր բելգիացի իրավունք ունի դիակային դոնորական օրգան ստանալու, եթե արձանագրվել է դոնորի ուղեղային մահ։  Ընդ որում, լռենայն ենթադրվում է, որ ցանկացած բելգիացու մարմին պատկանում է հանրությանը, եթե նա իր կենդանության օրոք հատուկ չի դիմել տեղի ինքնակառավարման մարմնին, կամ էլ բժշկին գրավոր հայտարարություն չի տվել օրգանների դոնոր լինելուց հրաժարվելու մասին։ Օրենքով ընտանիքի համաձայնությունը չի պահանջվում, սակայն բուժհաստատություններում մահացածների ընտանիքի անդամների հետ միշտ պարզաբանման աշխատանք է տարվում այն մասին, թե  որքան կյանքեր կարող են փրկել իրենց հարազատի օրգանները։ Փաստացիորեն, Մարկ դե Բրուի խոսքով, երկրում հավասարակշռություն կա կամքի ազատության եւ անհրաժեշտության միջեւ, եւ շատ փոքր տոկոս են կազմում այն մարդիկ, որոնք դեմ են, որ իրենց օրգանները մահից հետո օգտագործվեն։ 

Ինչպես պարզաբանել է պրոֆեսոր Դիրկ Այզբերտը Անտվերպենի համալսարանական հիվանդանոցից, օրենքը հստակորեն սահմանում է, որ դոնորական օրգանի հանումը մարմնից չի կարող մահվան պատճառ դառնալ, դրա համար էլ մահը որոշվում է միայն ուղեղի մահով  (ոչ թե սրտի կանգով), ինչից հետո օրգանիզմում գործընթացներն անդառնալի են։ 

Բելգիայում կենդանի դոնորներն իրենց օրգանները լրիվ անվարձահատույց են տրամադրում։ Նրանց կոչում են  «բարի սամարացիներ»։ Ինչպես կենդանի, այնպես էլ մահացած դոնորի անունը գաղտնի է պահվում։  Ընդ որում, կենդանի դոնորների համար անընդհատ կատարելագործվում են  օրգանը մարմնից հանելու մեթոդները եւ պակաս ինվազիվ եւ ավելի հարմարավետ միջոցներ են մշակվում։ Մասնավորապես, կենդանի դոնորի երիկամը հանում են լապարասկոպիկ մեթոդով։ 

Ի տարբերություն Եվրոպայի, Իրանում մի քիչ այլ մոդել է գործում։  Կենդանի դոնորը որոշակի փոխհատուցում է ստանում իր օրգանի դիմաց՝ ինչպես պետությունից, այնպես էլ օրգանը ստացողից։ Ինչպես նշել է Թեհրանի համալսարանի պրոֆեսոր  Միտրա Մահդավի Մազդեհը, իրենք ելել են այն դրույթից, որ մարդը պիտի որոշակի փոխհատուցում ստանա առողջության վերականգնման հետ կապված հետագա ծախսերի դիմաց։ Չնայած, ինչպես նշել է նա, մեծ է ռիսկը, որ նման մոտեցման դեպքում աղքատ մարդիկ հարուստների համար օրգանների յուրահատուկ պահեստ են դառնում։ 

Դիակային դոնորների դեպքում հիվանդի ուղեղի մահը պիտի ոչ թե մեկ, այլ հինգ բժիշկ արձանագրի։ Անհրաժեշտ է նաեւ ընտանիքի անդամներից մեկի համաձայությունը կենդանի կամ մեռած դոնորի օրգանների փոխպատվաստման համար։ Ընդ որում, իրանական օրենքի համաձայն, օրգանների դոնոր եւ ռեցիպիենտ կարող են լինել միայն ԻԻՀ-ի քաղաքացիները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է