• Latest news

Ափսոս է, որ մենք օրգանները տալիս ենք հողին, ոչ թե մարդկանց, որոնք դրա կարիքն ունեն. Արա Բաբլոյան

9 հոկտեմբերի, 2015  17:35

Ափսոս է, որ մենք օրգանները տալիս ենք հողին, ոչ թե մարդկանց, որոնք դրա կարիքն ունեն։ Այդ մասին հոկտեմբերի 9-ին օրգանների եւ հյուսվածքների փոխպատվաստման թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում հայտարարել է Առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը։ 

Նրա խոսքով, Հայաստանում օրենք է մշակվել «Մարդուն օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին», որը հստակորեն սահմանում է դիակային դոնորական օրգաններ օգտագործելու հնարավորությունը, սակայն փոխպատվաստվող օրգանների օգտագործումը դանդաղում է ազգային առանձնահատկությունների պատճառով։ 

Ըստ օրենքի, Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի հրաժարվել դոնորությունից, բայց եթե գրավոր չի հրաժարվել, ապա պոտենցիալ դոնոր է հանդիսանում։  Հաշվի առնելով ազգային մենթալիտետի առանձնահատկությունները՝ օրենքում դրույթ է մտցվել ընտանիքի անդամների պարտադիր համաձայնության մասին։ Օրենքի համաձայն,  ուղեղային մահը բժիշկների մի խումբ է արձանագրում, իսկ օրգանը հանում է մեկ ուրիշ խումբ, որպեսզի ընտանիքի անդամների մոտ ոչ մի կասկած ի հայտ չգա։  

«Ցավոք սրտի, այդ ամենը օրենքով կարգավորված է, սակայն մեզ մոտ դեռեւս առաջընթաց չի արձանագրվել եւ չկա դիակային օրգանի օգտագործման ոչ մի դեպք», - ասել է նա։ 

Արա Բաբլոյանը պատմել է, որ Հայաստանում երիկամի փոխպատվաստման վիրահատություններ իրականացվում են միայն  «Արաբկիր» կենտրոնում, այն էլ՝ շատ փոքր քանակությամբ, տարեկան՝ 12-ից 15 վիրահատություն։ Օրգանները վերցվում են կենդանի հարազատ դոնորներից։ Նա հակիրճ ներկայացրել է Հայաստանում երիկամի փոխպատվաստման երեք փուլերը։ 

1 փուլ. Դեռեւս խորհրդային ժամանակներում Միքայելյանի ինստիտուտում ռուս գործընկերների հետ համատեղ մի քանի վիրահատություն էր իրականացվել, եւ դրանով գործը կանգ էր առել։ 

2 փուլ. Երկրաշարժի ընթացքում պարզվել էր, որ Հայաստանում դիալիզի ոչ մի սարք չկա։ Բարեբախտաբար աշխարհն արագ արձագանքել էր եւ ստեղծվել էին առաջին ժամանակավոր կենտրոնները, ինչից հետո Բելգիայի եւ Շվեյցարիայի բժիշկների աջակցությամբ ստեղծվել էր դիալիզի մշտական բաժանմունք երեխաների համար։  Երիկամաբուժության, հեմոդիալիզի եւ փոխպատվաստման հարցերում Բելգիայի եւ Շվեյցարիայի բժիշկների հետ համագործակցությունը շարունակվում է արդեն  27 տարի։

3 փուլ. Երիկամի առաջին փոխպատվաստումն իրականացվել է  1991 թվին՝ 14-ամյա մի տղայի։ Դիակից վերցված երիկամն այն ժամանակ ստացվել էր Լենինգրադից (Պետերբուրգ)։ Հետո եւս մի քանի փոխպատվաստում էր կատարվել, ընդ որում պետությունն այն ժամանակ ոչ մի կերպ չէր ֆինանսավորել այդ վիրահատությունները, բոլոր ծախսերն իր վրա էր վերցրել «Արաբկիր» հիմնադրամը։ Հետո այդ ծրագիրը փակվեց։ 

Այսօր Ա. Բաբլոյանի խոսքով հետվիրահատական ծախսերի 100%-ը պետությունն իր վրա է վերցրել։ Վիրահատության համար հիվանդը վճարում է գումարի 50%-ը (մի մասը դարձյալ իր վրա է վերցրել «Արաբկիր» հիմնադրամը՝ շվեյցարական եւ բելգիական գործընկերների հետ միասին), 50%-ը վճարում է պետությունը, սակայն միեւնույն է, քիչ վիրահատություններ են իրականացվում, որովհետեւ շատ սուր է դոնորների հարցը։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել