• Latest news

Հայաստանում մանկական վիրաբուժության մակարդակը շատ բարձր է․ Ֆրեզնոցի մասնագետ

14 հոկտեմբերի, 2015  01:51

Հայաստանում մանկական վիրաբուժության մակարդակը շատ բարձր է․ այստեղ կատարում են այնպիսի վիրահատություններ, որոնք մասնագետները կատարում են ԱՄՆ հիվանդանոցներում։ NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ֆրեզնոցի մանկական վիրաբույժ Դեւիդ Հոջը։

«Այն մասնագետները, որոնց ես հանդիպել եմ, շատ բանիմաց էին, լավ կողմնորոշվում էին իրավիճակում եւ գիտեին, թե ինչպես է պետք վարվել։ Երիտասարդների փորձը գուցե չբավականացնի որոշ իրավիճակներում, բայց դա  նորմալ է, եւ ես հույս ունեմ, որ կարող ենք նրանց օգնել բարձրացնելու իրենց մակարդակը», - ասել է նա։

Մասնագետին մի քիչ զարմացրել է այն, որ Հայաստանում մանկական վիրաբույժները սովորաբար մասնագիտանում են որեւէ կոնկրետ ոլորտում։ Նրա խոսքով, ԱՄՆ-ում մանկական վիրաբույժը տարբեր օրգանների վրա տարբեր վիրահատություններ է անում, ընդ որում, վիրահատում է բոլոր տարիքի երեխաների, իսկ Հայաստանում մի վիրաբույժը մասնագիտանում է, ասենք, միայն կրծքավանդակի վիրահատություններում, մյուսը՝ որովայնի, երրորդը նորածինների վիրահատություններ է անում եւ այլն։  Սակայն այդ բաժանման մեջ մասնագետը ոչ մի վատ բան չի տեսնում։  

Ինչ վերաբերում է Հայաստանում մանկական վիրահատությունների ընդհանուր մակարդակին, բժիշկ Դեւիդ Հոջն այն բավականին բարձր է գնահատում` նշելով, որ Հայաստանում, որքան ինքը հասցրել է նկատել, անում են բոլոր այն վիրահատություններն ու պրոցեդուրաները, որոնք ինքն ու իր գործընկերներն անում են ԱՄՆ-ում։ 

«Ես չեմ տեսել որեւէ բան, որը մենք անենք, իսկ այստեղի մասնագետներն անել չկարողանան», - նշել է վիրաբույժը։

Ֆրեզնոցի բժիշկների խումբը Հայաստան է եկել հոկտեմբերի  5-ին եւ արդեն հասցրել է աշխատել ինչպես Հայաստանի շրջաններում, այնպես էլ Երեւանի  հիվանդանոցներում։  Ինքը՝ Դեւիդ Հոջն առաջին անգամ է Հայաստանում եւ իր այցի ամբողջ ընթացքում եղել է Երեւանի մանկական հիվանդանոցներում, մասնակցել է այնպիսի վիրահատության, որի ընթացքում 12-ամյա երեխայի կրծքավանդակից հսկայական ուռուցք են հեռացրել, նաեւ հայ մասնագետների հետ միասին մասնակցել է բարդ դեպքերի քննարկմանը։ Բժիշկ Հոջը նշել է, որ հայ մասնագետներն իր վրա շատ լավ տպավորություն են թողել։ 

«Մեր այցի նպատակն է կապեր հաստատել Երեւանի երկու խոշորագույն մանկական հիվանդանոցների  վիրաբույժների հետ եւ ապագայում անհրաժեշտության դեպքում բարդ դեպքերի վերաբերյալ նրանց օգնություն եւ փորձագիտական կարծիք տրամադրել», - նշել է վիրաբույժը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է