• Latest news

Ի՞նչ է հեմոքրոմատոզը եւ ինչո՞ւ է վտանգավոր

24 նոյեմբերի, 2015  01:52

Հեմոքրոմատոզը գենետիկայով պայմանավորված հիվանդություն է, որի ընթացքում օրգանիզմում խախտվում է երկաթի փոխանակությունը եւ այն սկսում է կուտակվել հյուսվածքներում եւ օրգաններում:  Ինչպես պատմել է «Հանուն առողջ սննդի»քաղաքացիական նախաձեռնության ղեկավար Գոհար Ջրբաշյանը, նման հիվանդություն ունեցող մարդկանց սննդում երկաթի ավելցուկը կարող է շատ վտանգավոր լինել: 

Իրենից ի՞նչ է ներկայացնում հեմոքրոմատոզը, որքանով է տարածված եւ ինչու է վտանգավոր: 

Երկաթը շատ կարեւոր միկրոտարր է, որը պարունակվում է բազմաթիվ սննդամթերքներում` հիմնականում կարմիր մսում, լյարդում, ձկան մեջ, ինչպես նաեւ հատուկ հարստացված հացում եւ ալյուրում:  Երկաթը օրգանիզմում մի շարք կարեւոր գործառույթներ է կատարում, սակայն հեմոքրոմատոզով հիվանդ մարդկանց մոտ երկաթի մարսումը խանգարվում է, եւ այն սկսում է կուտակվել լյարդում, սրտում, ենթաստամոքսային գեղձում,   փայծաղում, մաշկում (ինչից մաշկն անսովոր երանգ է ստանում), էնդոկրին գեղձերում եւ այլ տեղերում:  

Օրգանիզմում երկաթի ավելորդ կուտակումը բավականին վտանգավոր է եւ կարող է մի շարք հիվանդություններ առաջ բերել, ինչպիսիք են լյարդի ցիռոզը, սրտային անբավարարությունը, շաքարախտը, հոդաբորբը:  Կարծիք կա նաեւ, որ օրգանիզմում երկաթի ավելցուկը մեծացնում է օստեոպորոզի զարգացման ռիսկը, հենց դրա համար էլ այնպիսի հիվանդություններ ունեցող մարդիկ, որոնց օրգանիզմում երկաթ է կուտակվում,  օստեոպորոզի ռիսկի խմբում են: 

Մինչ առողջ մարդու օրգանիզմում  3-4 գրամ երկաթ է պարունակվում, հեմոքրոմատոզի դեպքում դրա քանակությունը հասնում է   20-60 գրամի:

Հետաքրքիր է նաեւ, որ առաջնային (այսպես կոչված գենետիկ, բնածին) հեմոքրոմատոզից բացի, գոյություն ունի նաեւ երկրորդականը, որը կապված է արյան բազմակի փոխներարկումների եւ երկաթ պարունակող դեղերով սխալ բուժման հետ: 

Հեմոքրոմատոզը որքանո՞վ է տարածված: 

Գեղձերի խանգարումների ինստիտուտի տվյալների համաձայն, ԱՄՆ-ում մոտ   1 մլն մարդ կա, որոնք հեմոքրոմատոզի հակում ունեն եւ  150 հազար հիվանդ, ում մոտ ախտորոշվել է այդ հիվանդությունը: 

Հայաստանում այդ հիվանդության տարածվածության մասին ոչինչ հայտնի չէ. հավաստի  վիճակագրություն չկա: Սակայն հայտնի է, որ աշխարհի բնակչության մոտ   10%-ը հեմոքրոմատոզի հետերոզիգոտային գեների կրողներ են, եւ Հայաստանը հազիվ թե բացառություն կազմի:  

Բացառված չէ, որ հեմոքրոմատոզից եւ երկաթի կուտակման պատճառ դարձող այլ հիվանդություններից տառապող մարդկանց համար երկաթով հարստացված ալյուրը կարող է վտանգ ներկայացնել, կարծում է Գոհար Ջրբաշյանը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել