• Latest news

Ախտորոշո՞ւմ թե դատավճիռ։ Քաղցկեղը Հայաստանում. թվերի տրամաբանությունը եւ լուծման ուղիները

25 նոյեմբերի, 2015  11:19

Հարցի գինը

Քաղցկեղ ախտորոշումն այսօր ցանկացած հասարակությունում ընկալվում է որպես մահվան դատավճիռ, չնայած բժիշկների եւ մասնագետների պնդմանը, թե դա ընդամենը ախտորոշում է, իսկ քաղցկեղը հաղթահարածների թիվը տարեցտարի մեծանում է։  Աշխարհում ցանկացած մարդ իր կյանքի ընթացքում բախվում է ուռուցքային հիվանդություններից մահվան դեպքերի հետ։ Բախվում է նաեւ այնպիսի մարդկանց հետ, որոնք հաղթահարել են հիվանդությունը, սակայն բացասական փորձն ավելի խորն է դաջվում հոգում եւ ուղեղում։  Դրա համար էլ ամեն անգամ լսելով, թե ինչ-որ մեկին նման ախտորոշում են արել, մենք մտովի հրաժեշտ ենք տալիս նրանց եւ աղոթում ենք յուրայինների համար.  «Աստված հեռու տանի»։

Սակայն մեր սուբյեկտիվ ընկալումից բացի, գոյություն ունի նաեւ պարզ վիճակագրություն, որը վկայում է այն մասին, որ ամբողջ աշխարհում աճում է քաղցկեղով  հիվանդացությունը, սակայն աճում է նաեւ հիվանդությունը հաղթահարածների թիվը։  Քաղցկեղի հետազոտման միջազգային գործակալության տվյալներով  2000-ին ամբողջ աշխարհում քաղցկեղով հիվանդացել է 10 միլիոն մարդ, իսկ մահացել՝ 8 միլիոն։ 2020-ին, կանխատեսումների համաձայն, քաղցկեղով կհիվանդանա 20 միլիոն մարդ, իսկ կմեռնի՝ 10 միլիոնը։ 

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տվյալներով, Հայաստանում թվերի դինամիկան չի տարբերվում համաշխարհայինից։ Վերջին 20 տարվա ընթացքում՝ 1994-ից 2014-ին քաղցկեղով հիվանդացությունն աճել է   85.2%-ով, սակայն 76.5%-ով աճել է այն հիվանդների թիվը, որոնք ողջ են մնում բուժման արդյունքում հաշվետու տարվա վերջում, իսկ ապրելիության հնգամյա շեմը հաղթահարածների թիվն աճել է  75.1%-ով։ 2014-ին Հայաստանում գրանցված հիվանդների թիվը կազմել է  8368 մարդ, իսկ 2020-ին նույն դինամիկայի պահպանման դեպքում նոր հիվանդացությունների թիվը կկազմի 10000 մարդ։

Ավելի լավ հասկանալու համար, թե որքանով հաջող են քաղցկեղային հիվանդությունների կանխարգելումն ու բուժումը, բժիշկներն այնպիսի ցուցանիշ են օգտագործում, ինչպիսին բարձիթողությունն է։ Այն ցույց է տալիս, թե հիվանդի  քաղցկեղը որ փուլում է հայտնաբերվել։  Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տվյալներով Հայաստանում վերջին տարիներին այդ ցուցանիշը չի փոխվել․ 2009-ին այն կազմել է 46.4%,  իսկ 2014-ին՝ 46%։ Դրանից  ելնելով՝ կարելի է եզրահանգում անել, որ եթե նոր գիտելիքների յուրացման, բուժման նոր մեթոդների, դեղերի եւ սարքավորումների հարցում Հայաստանը բավականին առաջ է գնացել, ապա քաղցկեղի վաղ ախտորոշման, ինչպես նաեւ քաղցկեղային հիվանդությունների կանխարգելման հարցը շարունակում է մնալ թիվ մեկ խնդիրը։ Եվ այստեղ լուրջ դեր ունի առաջնային օղակը։  

 Առաջնային օղակ

 Ինչպես կարծում է Հայաստանի Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արմեն  Տանանյանը, անհրաժեշտ է կանխարգելիչ  հետազոտություններ կազմակերպել,  որոնք մատչելի լինեն բնակչության բոլոր խավերի համար, ինչը հնարավորություն կընձեռի վաղ փուլում հայտնաբերել ուռուցքները։ Այդ հարցում առանձնահատուկ դեր է հատկացվում առաջնային օղակին։  Գումարած, այսօր նրա խոսքով Հայաստանում սուր է երիտասարդ բժիշկ-ուռուցքաբանների հարցը եւ այդ հարցի լուծման համար պետության աջակցությունն է անհրաժեշտ։

«Ես բժշկական համալսարանին առաջարկել եմ ուռուցքաբանների համար կլինիկական օրդինատուրան հնարավորինս մատչելի դարձնել, որովհետեւ վերջերս մեզ մոտ շատ քիչ օրդինատորներ են գալիս։  Մասնագիտություններ կան, որոնք պիտի Առողջապահության նախարարության վերահսկողության տակ լինեն, այդ մասնագիտությամբ օրդինատորներին պիտի արտոնություններ տրամադրվեն։  Բացի այդ, պետությունը պիտի նրանց հետ պայմանագիր կնքի, որ պետպատվերի շրջանակում կամ արտոնյալ պայմաններով սովորելուց  հետո նրանք պիտի  3-ից 5  տարի աշխատեն Հայաստանի բուժհաստատություններում։ 

Բացի այդ ընտանեկան բժիշկները պիտի ուռուցքաբանության հարցերով անպայման  վերապատրաստում անցնեն, որովհետեւ առաջնային օղակի շատ հաստատություններում, հատկապես շրջաններում ուռուցքաբաններ չկան։ Ի հավելումն դրա, պոլիկլինիկաների աշխատակից ուռուցքաբանները կամ ընտանեկան բժիշկները  պիտի պարտադիր կերպով երկու-երեք ամիսը մեկ անգամ Ուռուցքաբանական կենտրոն այցելեն, որպեսզի մենք նրանց մեթոդական խորհրդատվություն տրամադրենք  քաղցկեղի տարբեր տեսակների կանխարգելման վերաբերյալ, թե  որ տարիքում բնակչության ինչ խմբեր պիտի հետազոտություն անցնեն։ Ասենք՝ կանայք որ տարիքում պիտի կրծքագեղձի  գերձայնային հետազոտություն եւ մամոգրաֆիա անցնեն, արգանդի վզիկի քսուք հանձնեն, տղամարդիկ երբ պիտի շագանակագեղձի քաղցկեղի թեստ հանձնեն եւ այլն։   Նման առաջարկով Ուռուցքաբանության ազգային կենտրոնն արդեն դիմել  է Երեւանի քաղաքապետարան։ 

Մեզ մոտ մարդիկ խնդրի դեպքում անմիջապես դիմում են մասնագիտացած կլինիկաներ՝ շրջանցելով պոլիկլինիկաները, այնինչ պիտի ընտանեկան բժշկի կայացած ինստիտուտ լինի եւ ընտանեկան բժիշկը պիտի կարողանա ճիշտ որոշել, թե ուր ուղարկի հիվանդին այս կամ այն խնդրի առկայության դեպքում», -ասել է նա։

Պալիատիվ օգնություն եւ մորֆին

Յուրաքանչյուր մարդ, ում ընտանիքում քաղցկեղով հիվանդ է եղել, լավ գիտի, որ կարեւոր է ոչ միայն փրկել նրա կյանքը կամ հնարավորինս երկարաձգել այն, այլ նաեւ այն հնարավորինս որակյալ դարձնել։ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում արդեն բացվել է Պալիատիվ օգնության կենտրոն, իսկ Արմեն Տանանյանը նաեւ առաջարկում է հանել արհեստական արգելքները, որոնք ստեղծվում են քաղցկեղով հիվանդներին թմրանյութ պարունակող ցավազրկողներ բաժանելու հարցում։

«Պոլիկլինիկաների բժիշկները թմրանյութ պարունակող դեղամիջոցներ նշանակելիս վախենում են եւ չեն նշանակում այն չափաբաժինը, որը պետք է տվյալ հիվանդին, քանի որ նման դեղամիջոցների բաժանումը Ոստիկանության հսկողության տակ է գտնվում։ Ուժային կառույցների վերահսկողությունը պետք է լինի, դա միանշանակ է։ Սակայն կասկածի ենթակա չէ նաեւ, որ այն մարդկանց համար, որոնց այլեւս ոչ մի բուժում չի կարող օգնել, պետք է ապահովել գոյության քիչ թե շատ հարմարավետ պայմաններ, իսկ նման մարդկանց համար հարմարավետությունը ցավի բացակայությունն է։ Այդ դեղամիջոցների դեֆիցիտ այսօր չկա, եւ եթե բժիշկը գրագետ նշանակի կուրսը՝ հաշվի առնելով մեկ չափաբաժնի ազդեցության ժամկետը, ապա ո՛չ բժիշկը Ոստիկանության հետ խնդիր կունենա, ո՛չ էլ հիվանդը՝ ցավազրկողների պակասի»,- նշել է նա։

Պետպատվեր, համավճար եւ հերթեր

Հիվանդների եւ նրանց հարազատների շրջանում ամենից շատ դժգոհություն է առաջացնում համավճարի եւ հերթերի հարցը։  Մարդիկ չեն հասկանում, թե իրենք ինչու պիտի վճարեն, եթե Հայաստանում ուռուցքաբանական հիվանդությունների բուժումն իրականացվում է պետպատվերի շրջանակում, ինչպես նաեւ վատ են պատկերացնում, թե ինչպես կարելի է հերթ կանգնեցնել ուռուցքային հիվանդներին։  Խնդիր, անկասկած, գոյություն ունի, ընդունում է Արմեն Տանանյանը, բայց կենտրոնը փորձում է դա լուծել ֆինանսական եւ կազմակերպչական հնարավորությունների սահմաններում։ 

«Համավճարը, երբ ծախսերի մի մասը պետությունն իր վրա է վերցնում, իսկ մյուս մասը վճարում է հիվանդը, միանշանակորեն հանգեցրել է ստվերային շրջանառության կրճատմանը։  Այժմ մեզ մոտ իրավիճակն այնպիսին է, որ համավճարի իր բաժինը մուծած հիվանդը գործնականում այլեւս ի վիճակի չէ դրանից ավելին վճարել, իսկ բժիշկն էլ չի կարող նրանից «կողմնակի» գումար պահանջել, որովհետեւ պրոցեդուրաների ու վիրահատությունների արժեքը երկրի բուժհաստատություններում գրեթե նույնն է, եւ հիվանդը կարող է ուղղակի գնալ ուրիշ հիվանդանոց։   

Բացի այդ, ուռուցքաբանությունը ողջ աշխարհում թանկ արժե, եւ մեր պետությունն ի վիճակի չէ ամբողջությամբ ստանձնել դրա ֆինանսավորումը։ Այդ հարցը կարող էր լուծել բժշկական ապահովագրությունը։ 

Բացի այդ, համավճարից ստացված միջոցների մի մասը ծախսվում է Կենտրոնի ոչ թե զարգացման, այլ ուղղակի  պահպանման վրա», -ասել է նա՝ հավելելով, որ այնուամենայնիվ, ուռուցքային հիվանդությունների մեծ մասը պետպատվերի շրջանակում է բուժվում։  

Ինչ վերաբերում է հերթերին, Արմեն Տանանյանը հիշեցրել է, որ առկա է Կառավարության որոշում, որի համաձայն, եթե բժշկական հաստատության ամսական բյուջեն սպառված է լինում, հիվանդներին պետք է հերթագրել ։  «Այսինքն, մենք հիվանդներին հերթի ենք կանգնեցնում ոչ թե նրա համար, որ չենք հասցնում նրանց սպասարկել կամ տեխնիկական հնարավորություններ չունենք, այլ  որովհետեւ սպառվել է պետպատվերի շրջանակում ֆինանսավորումը։ 

Բայց պիտի ասեմ, որ մեր Կենտրոնում արդեն մի տարի է՝ հերթեր չեն լինում, եւ քիմիաթերապիայի համար դա շատ կարեւոր է, որովհետեւ քիմիքաթերապիան ենթադրում է հստակ սխեմա։   Եթե հիվանդի ընդունման պահին պետպատվերի ամսական գումարները սպառված են լինում, մենք նրան առաջարկում ենք կամ հերթագրվել, կամ էլ հրաժարվել պետպատվերից եւ քիմիաթերապիայի մեկ–երկու կուրս ստանալ վճարովի հիմունքներով։  Իսկ հետագա կուրսերը նա արդեն կկարողանա ստանալ անվճար, քանի որ պետական ֆինանսավորումը տեղ կհասնի», - ասել է նա։

Կոչ բնակչությանը

Ուռուցքային հիվանդությունների առաջացման եւ զարգացման հարցում ժառանագական գործոնը դեր է խաղում, բայց ոչ պակաս կարեւոր է կենսակերպը:  Դժբախտաբար, մեր հասարակությունում առողջ ապրելակերպի քարոզչությունն ընկալվում է սոսկ որպես գեղեցիկ խոսքեր, այնինչ ժամանակն է լրջորեն գործի անցնելու:   Արմեն Տանանյանը բնակչությանը կոչ է անում ավելի պատասխանատվությամբ վերաբերվել սեփական առողջությանը եւ ջանալ նվազեցնել ռիսկի գործոնները, որոնք վաղուց հայտնի են:  Նա նաեւ կոչ է անում չխուսափել կանխարգելիչ բուժզննումներից, որովհետեւ քաղցկեղը վաղ փուլում հայտնաբերելու դեպքում կարելի է ամբողջությամբ բուժել: 

P.S. Վերջին  8 ամիսների ընթացքում Ազգային ուռուցքաբանական կենտրոնում լուրջ փոխակերպումներ են տեղի ունենում. նորագույն սարքավորումներ են ձեռք բերվել, ամբողջ թափով ընթանում է շենքի եւ կից տարածքի բարեկարգումըՀՀ Առողջապահության նախարարության հետ համատեղ աշխատանքներ են տարվում Հայաստանում օնկոլոգիական բուժօգնության հետագա զարգացման նպատակով։

Հույս ունենք, որ այդ ամենը կհանգեցնի ուռուցքային հիվանդների կյանքի որակի, ինչպես նաեւ ապրելիության ցուցանիշների զգալի բարելավման:

Անահիտ Սարգսյան

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է