• Latest news

Տաքսու հայ վարորդները ուղերթներ են իրականացնում Վրաստան՝ դեղերի ցուցակը ձեռքներին. ԴԱՆ միության նախագահ

25 նոյեմբերի, 2015  18:46

Այսօր Վրաստան ուղեւորներ տանող ցանկացած տաքսու վարորդ հետդարձի ճանապարհին պատվիրված դեղեր է գնում,  NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասել է Դեղ արտադրողների եւ ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը:  

«Նրանց բոլորի ձեռքում  բերվելիք դեղերի ցուցակ կա, եւ նրանք դա նույնիսկ չեն թաքցնում:  Տաքսու բոլոր վարորդները գիտեն այն կետերը, որտեղից հնարավոր է էժան դեղ գնել:   Օրինակ` Թբիլիսիի երկաթուղային կայարանում հատուկ դեղատուն կա, որտեղից գնումներ են կատարում բոլոր հայերը», - պատմել է նա` հավելելով, որ վրացական  դեղագործական հայտնի «Ավերսի» ընկերությունն ավելի հեռուն է գնացել եւ պահեստ է կառուցում  Բավրայի անցակետի մոտ:  «Արդեն Թբիլիսի հասնելու կարիք էլ չի լինի, հնարավոր կլինի սահմանն անցնել, գնել ու հետ դառնալ», - նշել է Սամվել Զաքարյանը:  .

ԴԱՆ միության ղեկավարը նշել է, որ կառավարության կողմից ներդրված դրոշմապիտակները չեն կարող կասեցնել մաքսանենգությունը եւ հիշեցրել է, որ ԴԱՆ միությունը ի սկզբանե զգուշացրել էր այդ մասին:  «Մենք Ֆինանսների նախարարությունում ասել էինք, որ պետք է խստացնել մաքսատան աշխատանքը: Մենք առաջարկել ենք  դրոշմակնիքների վրա ծախսվող գումարներն ուղղել նոր անձնակազմի աշխատանքի ընդունման եւ ուսուցման վրա, որը մասնագիտացած լինի դեղերի մաքսանենգության կասեցման գործում: Հայաստանում դեղերի ստվերային շրջանառությունը բացառապես Վրաստանից իրականացվող մաքսանենգությունն է: Ուրիշ ստվեր չկա, սխալ տեղում են փնտրում», - ասել է նա:

Սամվել Զաքարյանը միաժամանակ նշել է, որ Վրաստանից դեղերի մաքսանենգությունը արդեն շոշափելի մասշտաբներ է ձեռք բերում:  «Երեւանում դա չի երեւում, բայց շրջաններում այդ դեղերը հանգիստ վաճառում են դեղատներում: Մարդիկ այնտեղ ճանաչում են իրար եւ գիտեն, թե ում են դեղ վաճառում: Նրանք ոչ մի խնդիր չեն ունենում: Ի՞նչ դրոշմապիտակների մասին է խոսքը», - ասել է միության ղեկավարը:

Սամվել Զաքարյանը հիշեցրել է, որ Վրաստանում դեղերն ավելի էժան են, քան Հայաստանում, երկու պատճառով. այնտեղ դեղերի ներմուծման համար  ԱԱՀ չեն վճարում եւ թույլատրված է զուգահեռ ներմուծումը:  Հայաստանում ԱԱՀ-ի չեղյալ համարումը կարող էր հանգեցնել նրան, որ Հայաստանում եւ Վրաստանում գները հավասարվեին: Եվ ԴԱՆ միությունը արդեն երկար ժամանակ է` ջանքեր է գործադրում ԱԱՀ-ի վերացման  կամ էլ գոնե դեղերի ներմուծման ժամանակ ԱԱՀ-ի վճարումը հետաձգելու ուղղությամբ, սակայն` անարդյունք: 

Ինչ վերաբերում է զուգահեռ ներմուծմանը, թղթի վրա այն մեզ մոտ էլ է թույլատրված, սակայն մնացած ամբողջ օրենսդրությունը հակասում է դրան եւ զուգահեռ ներմուծման դեպքում ընկերություններն անհաղթահարելի արգելքների են բախվում:   «Հայաստանի բյուջեն լցվում է նրանց տուգանելու հաշվին, սակայն դեղերը դրանից չեն էժանանում», - նշել է Սամվել Զաքարյանը:

Նրա խոսքով, ԴԱՆ միությունն անկասկած հանդես է գալիս զուգահեռ ներմուծման կողմ, բայց դրա համար պիտի ներդաշնակեցվի ամբողջ օրենսդրությունը եւ պիտի խստացվի վերահսկողությունը կենսաահաբեկչությանը հակազդելու համար:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել