• Latest news

Երեխաների սխալ դաստիարակությունն ինչպես է նպաստում ընտանեկան բռնությանը

30 նոյեմբերի, 2015  17:48

Սխալ դաստիարակությունը կարող է նպաստել ընտանեկան բռնությանը` ընտանիքում տղամարդկանց բռնակալների վերածելով, իսկ կանանց` զոհերի: Մարդու ստացած դաստիարակության  եւ ընտանեկան բռնության միջեւ կապի մասին NEWS.am Medicine-ին պատմել է «Կանանց աջակցման կենտրոնի» մասնագետ Հասմիկ Գեւորգյանը:  

Հայկական շատ ընտանիքներում տղաներին ու աղջիկներին հաճախ տարբեր կերպ են դաստիարակում. տղաներին, որպես կանոն, դաստիարակում են որպես հրամայողների` հուշելով, որ իրավունք ունեն անելու այն ամենը, ինչ կուզենան: Իսկ աղջիկներին հուշում են, որ իրենք չունեն եւ չեն կարող սեփական կարծիք ունենալ, պիտի ամեն ինչում ենթարկվեն տղամարդկանց եւ հնազանդ լինեն: Շատերին նման դաստիարակությունը ճիշտ է թվում, նրանք չեն պատկերացնում,  թե դա կարող է խնդիրներ ստեղծել կամ էլ ապագայում բացասաբար ազդել այդ երեխաների ճակատագրի վրա: 

Նման դաստիարակությունն ի՞նչ խնդիրների կարող է հանգեցնել: Ինչպես բացատրում է մասնագետը, այն տղամարդը, որին մանուկ հասակից հուշել են, որ ինքն ամենակարող է եւ իրավացի, կարող է ընտանեկան բռնակալ դառնալ եւ մտածել, թե իրավունք ունի անելու այն ամենը, ինչ ուզում է, նույնիսկ ծեծել կնոջը կամ երեխաներին: Իսկ այն կինը, որին դաստիարակել են, որ անկամ եւ հնազանդ լինի, կարող է ընտանեկան բռնության զոհ դառնալ. եթե ամուսինը նրա հանդեպ ուժ կիրառի, նա կմտածի, որ դա նորմալ է եւ որ ինքը պիտի միեւնույն է` անի այն, ինչ իրեն ասում են եւ նույնիսկ դիմանա ծեծին: «Քանի որ նա ամուսինս է, նա դրա իրավունքն ունի», - մտածում են նման կանայք` իրականում նվազագույն պատկերացում չունենալով այն մասին, թե ինքը եւ ամուսինն ինչ իրավունքներ եւ պարտականություններ ունեն:

Նման սցենարից խուսափելու համար հոգեբանները ծնողներին խորհուրդ են տալիս մեծ պատասխանատվությամբ վերաբերվել երեխաների դաստիարակությանը. չի կարելի տղաներին հուշել, թե նորմալ է պահանջկոտ, ագրեսիվ եւ անզգա լինելը, իսկ աղջիկներին չի կարելի ասել, թե նրանց գործը միայն հլու-հնազանդ լինելն է: Ցանկացած մարդ, անկախ սեռից, պիտի ինքնահարգանք եւ սեփական արժանապատվության զգացում ունենա: Ցանկալի է նաեւ, որ նա գոնե մի փոքր տեղյակ լինի իր իրավունքներին: Դա կօգնի նրան զերծ պահել շատ խնդիրներից, այդ թվում նաեւ ընտանեկան բռնության, իր բոլոր դրսեւորումներում, լինի դա ֆիզիկական, հոգեբանական թե տնտեսական բռնություն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել