• Latest news

Բժիշկների աշխատավարձերի մասին կամ «կեցցե ընկեր Ստալինը»

5 փետրվարի, 2016  11:35

Հայկական մամուլում որոշակի պարբերականությամբ հաղորդագրություններ են հայտնվում այն մասին, որ բժշկական այս կամ այն հաստատությունում բժշկական անձնակազմը տարիներով աշխատավարձ չի ստանում:  Հաղորդագրությունները սովորաբար հիմնված են նրա վրա, որ ինչ-որ մեկը զանգել է խմբագրություն, բողոքել է, բայց չի ցանկացել ներկայանալ:   Տնօրենները, որպես կանոն, կտրականապես հերքում են նման տեղեկությունները, չնայած կարող են ընդհանրապես չարձագանքել` ելնելով դրանց անանուն բնույթից:  Պետական պաշտոնյաները, վկայակոչելով հենց նույն` անանունությունը, նման հաղորդագրությունները չեն մեկնաբանում:  

NEWS.am Medicine-ը փորձել է պարզել, թե ի վերջո ինչպես է կազմակերպված Հայաստանում բուժաշխատողների վճարման համակարգը եւ որտեղ է շան գլուխը:  Ինչպես պարզաբանել է իրավիճակին ծանոթ աղբյուրը, բժշկական տարբեր հաստատություններում տարբեր սխեմաներ են կիրառում:  Ասենք, կրտսեր բուժանձնակազմը, ինչպես նաեւ տեխնիկական աշխատողները ամրագրված աշխատավարձ են ստանում, իսկ բժիշկները` աշխատավարձ, գումարած բոնուսներ ամեն հիվանդից կամ էլ միայն բոնուսներ:  Եթե այդ ամենը հստակորեն ձեւակերպված է փաստաթղթերով եւ ամեն ինչ անցնում է դրամարկղով, ոչ մի խնդիր չկա:   Բայց մեր աղբյուրի խոսքով, կան նաեւ ստվերային սխեմաներ: Ասենք, այն, ինչ գրված է թղթին, բուժանձնակազմը հենց այդպես թղթի վրա էլ տեսնում է` ամիսը մեկ ստորագրելով աշխատավարձերի ցուցակը: Ենթադրվում է, որ նրանք միեւնույն է` հիվանդներից փող են առնում: Կամ` բժիշկը նվազագույն ամրագրված աշխատավարձ է ստանում  (գործատուների համար կա նման հարմար հասկացություն, ինչպիսին երկրում նվազագույն աշխատավարձն է), բայց պիտի ղեկավարության հետ կիսի «ձախ» եկամուտը: Ինչպես պարզաբանել է մեր աղբյուրը, աշխատանքի ընդունելիս թղթի վրա գրվում է այն, ինչ գրվում է, իսկ մնացած  «կանոնների» մասին պայմանավորվում են բանավոր: Բայց դրանց մասին պայմանավորվում են, ահա թե ինչն է կարեւոր:  Հենց այդ պատճառով բժիշկներից ոչ մեկը բացահայտ չի բողոքում: Նրանք կարող են ընդհանրապես առանց աշխատանքի մնալ, այսինքն` ընդհանրապես առանց փողի` «աջ» թե «ձախ»: 

Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում պարզաբանել է Հայաստանի Առողջապահության նախարարության Առողջապահության գործակալության ղեկավար Սարո Ծատուրյանը, Առողջապահության նախարարությունը չի կարող միջամտել մասնավոր կլինիկաների աշխատակիցների եւ ղեկավարների հարաբերություններին, դրանք կանոնակարգվում են աշխատանքային օրենսդրությամբ` կողմերի միջեւ կնքվող պայմանագրով, իսկ վիճելի հարցերը պիտի լուծվեն դատարանի միջոցով:   Առողջապահության նախարարությունը կարող է արձագանքել աշխատավարձերի պարտքերի հետ կապված իրավիճակներին, եթե նրանք բողոքով դիմեն, բնականաբար` ոչ անանուն, եւ նրա խոսքով, նման նախադեպեր կան: 

Ինչ վերաբերում է պետպատվերին, այդ մասով Գործակալությունը բուժհաստատությունների հետ պայմանագիր է կնքում, եւ այդ պայմանագրում արձանագրվում է, թե տոկոսային ինչ հարաբերությամբ պիտի այդ գումարը բաշխվի բուժանձնակազմի միջեւ:   Գործակալությունը հետեւում է պայմանագրի կատարմանը, իսկ խախտման դեպքում կարող է խզել:  Միաժամանակ, ինչպես նշել է Սարո Ծատուրյանը, կլինիկաների ղեկավարությունը իրավունք ունի որոշակի շրջանակում վերաբաշխել պետպատվերի գումարները` իր գործողությունները համաձայնեցնելով գործակալության հետ:  Սարո Ծատուրյանը հավելել է նաեւ, որ մի քանի տարի առաջ Առողջապահության նախարարությունը բուժհաստատություններին խորհուրդ էր տվել վճարման էլեկտրոնային համակարգ ներդնել, բայց դա ընդամենը հորդոր է, որը չի կարող պարտադիր բնույթ ունենալ:  

Ինչ վերաբերում է «ոչ պաշտոնական» մասին, գործակալության ղեկավարը չմեկնաբանեց այն` նշելով, որ եթե աշխատակիցները պահանջներ ունեն, թող դիմեն դատարան:   

Իսկ այժմ մի փոքրիկ քնարական զեղում: Խորհրդային իշխանության արշալույսին առողջապահության ժողովրդական կոմիսար Սեմաշկոյի հետ բժշկության խնդիրները քննարկելիս Ստալինն ասել էր.  «Բժիշկներին պետք է զուտ խորհրդանշական աշխատավարձ տալ, լավ բժշկին ժողովուրդն ինքը կկերակրի, իսկ վատերը մեզ պետք չեն»: Այդ ժամանակ են հենց դրվել բժիշկների «խորհրդանշական» վճարի հիմքերը:  Չնայած այդ ժամանակվանից մենք փոխել ենք ցուցանակը, էությունը նույնն է մնացել:  Ժամանակակից Հայաստանում առողջապահության ֆինանսավորման համակարգը շարունակում է հիմնված մնալ այն բանի վրա, որ բժիշկն աշխատավարձով չի ապրում: Բացահայտորեն, թե ոչ, կարեւոր չէ: Հարցը նույնիսկ այն չէ, թե արդյոք բյուջեում` պետական կամ մասնավոր կլինիկայի, բավականաչափ գումար կա բժշկի պատշաճ աշխատավարձի համար: Ուղղակի համակարգն է այդպիսին: Իսկ թե պետպատվերն ինչպես է բաշխվում բուժհաստատությունների միջեւ, դա արդեն առանձին պատմություն է:  Չէ՞ որ հենց պետպատվերը շատ հարմար բան է հիվանդից կողմնակի գումարներ վերցնելու համար:  

P.S. Հատուկ բժիշկների համար: Քանի դեռ դուք անկյուններում եւ անանուն եք բողոքում, նշանակում է, դուք այդ համակարգի մաս եք, դուք ընդունում եք դրա կանոնները, կարեւոր չէ` աշխատանքը կորցնելու մտավախությունից, թե նրա համար, որ դա ձեզ էլ է հարմար: Անանուն բողոքները մամուլում ընդամենը թեթեւակի խուտուտ են տալիս նրանց նյարդերը, որոնք կյանքի գնով պահպանում են այդ համակարգը: Ոչ ավելին: Լրագրողները չեն կարող ձեր փոխարեն պաշտպանել ձեր իրավունքները:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է