• Latest news

Փորլուծություն. ի՞նչ կարելի է անել, ի՞նչ՝ ոչ

23 փետրվարի, 2014  10:22

Դժվար թե գտնվի մեկը, ով երբեք չի բախվել փորլուծության խնդրին: Սակայն քչերը գիտեն, թե ինչպես ճիշտ սնվել փորլուծության դեպքում եւ ինչ ոչ մի դեպքում չի կարելի անել:

Գաստրոէնտերոլոգ Հայկ Մանասյանը NEWS.am Medicine-ի թղթակցին ասաց, թե ինչ պետք է իմանալ փորլուծության մասին, եւ ինչ պետք է անել ստամոքսի խանգարման դեպքում:

«Փորլուծությունը կարող է լինել օրգանիզմի պաշտպանական ռեակցիան ինչ-որ բանից,- ասաց բժիշկը:- Օրինակ՝ փորլուծություն կարող է առաջանալ անորակ սննդի, բակտերիալ վարակներով կամ վիրուսներով վարակվելու կամ թունավորման հետեւանքով»: Հենց այս պատճառով, Մանասյանի կարծիքով, պետք չէ փորձել անմիջապես ազատվել հանկարծակի առաջացած փորլուծությունից. դրա միջոցով օրգանիզմը փորձում է որեւէ անպետք բան դուրս հանել:

Գաստրոէնտերոլոգը խորհուրդ  է տալիս  փորլուծության առաջին օրը ոչինչ չուտել եւ շատ ջուր խմել: Երկրորդ օրը ցանկալի է թեթեւ սնունդ օգտագործել, ինչպես՝ պյուրե կամ շիլա եւ միայն երրորդ օրը կարելի է փորձել վերադառնալ սովորական ճաշացանկին՝ բացառելով կծու եւ բացահայտ վնասակար սնունդը: Ցանկալի է խուսափել նաեւ յուղոտ կամ դանդաղ յուրացվող սննդից: Դժվար մարսվող սննդամթերքներից գաստրոէնտերոլոգը նշեց՝ գառան միսը, խավիծը (ցորենի ալյուրից շիլա) եւ շատ խմոր պարունակող հացամթերքները:

Ինչ վերաբերում է կաթնամթերքներին՝  գաստրոէնտերոլոգը խորհուրդ  է տալիս  դրանց հետ զգույշ լինել: Մածուն, յոգուրտ եւ «Նարինե» օգտագործել սկզբունքորեն կարելի է, բայց կաթ խմելը շատ անցանկալի է, քանի որ այն կարող է փորլուծություն առաջացնել:

Փորլուծության ժամանակ մրգերն ու բանջարեղենը եւս անցանկալի են, քանի որ դրանք «նպաստում են աղիների գործունեության լավացմանը, բայց փորլուծության ժամանակ աղիներն արդեն ակտիվ են»:

Ի՞նչ չի կարելի անել ոչ մի դեպքում:

Հայկ Մանասյանն ասաց, որ առաջին հերթին ոչ մի դեպքում չի կարելի ինքնաբուժությամբ զբաղվել եւ դեղեր ընդունել, հատկապես՝ հակաբիոտիկներ:

Բնականաբար, կան դեղեր, որոնք կարող են բուժել փորլուծությունը, բայց դրանք պետք է բժիշկը նշանակի: «Բացի դրանից՝ պետք չէ մոռանալ, որ փորլուծությունն օրգանիզմի պաշտպանական ռեակցիա է: Եթե օրգանիզմում կան բակտերիաներ, վիրուսներ կամ թույն, որը պետք է շտապ հանել օրգանիզմից, իսկ մենք դադարեցնում ենք փորլուծությունը եւ բակտերիաները կամ թույնը թողնում օրգանիզմում, դա կարող է շատ վնասակար լինել»,- ասաց բժիշկ Մանասյանը:

Գաստրոէնտերոլոգը նաեւ նշեց, որ եթե փորլուծությունը 15 օրից ավել է տեւում, պետք է դիմել բժշկի: Բացի դրանից՝ եթե փորլուծությունը կարճ է տեւում, բայց օրգանիզմը ջրազրկվում է, իսկ հիվանդը թուլություն եւ գլխապտույտ է զգում, կամ եթե նրա ճնշումը կտրուկ իջնում է, եւս պետք է շտապ բժշկի դիմել:

Պետք է հատկապես ուշադիր լինել, եթե փորլուծությամբ տառապողը երեխա է կամ տարեց մարդ: «Տարեց մարդիկ կարող են ծարավ չզգալ եւ գլխի չընկնել, որ օրգանիզմը ջրազրկված է, եւ դա կարող է մեծապես վնասել օրգանիզմին»,- ասաց բժիշկ Մանասյանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել