• Latest news

Նախաճաշը բաց թողնելը սպառնում է ուղեղում արյունազեղմամբ

10 փետրվարի, 2016  22:31

Նախաճաշը բաց թողնելը սպառնում է ուղեղում արյունազեղմամբ, պարզել են ճապոնացի գիտնականները: Այդ ռիսկը մեկ երրորդով (35 տոկոսով) մեծանում է, եթե սնունդն անընդհատ փոխարինվում է առավոտյան մի բաժակ սուրճով կամ թեյով, տեղեկացնում է The Japan Times-ը:

Օսակայի համալսարանի մասնագետներն ուսումնասիրել են   45-ից 74 տարեկան ավելի քան 82 հազար մարդու տվյալները: Դիտարկումներն անցկացվել են քառորդ դարի ընթացքում`  1985-ից մինչեւ 2010 թվականը: Տվյալ ժամանակահատվածում ուղեղի արյունազեղման 1051 դեպք է արձանագրվել:

Ինչպես պարզել են հետազոտողները, նախաճաշը բաց թողնելը կարող է նույնանալ  առավոտյան արյան բարձր ճնշման հետ: Իսկ դա ուղեղում արյունազեղման ռիսկի գործոն է: 

Միաժամանակ գիտնականներն   իշեմիկ կաթվածի   (ուղեղի կաթվածի) տարածվածության մեջ տարբերություն չեն տեսել: Հավանաբար բարձր ճնշումն ավելի քիչ է ազդում ուղեղի կաթվածի հավանականության վրա, քան արյունազեղային կաթվածի:

Ի տարբերություն նախորդ հետազոտությունների, որոնք անցկացվել են եվրոպական եւ ամերիկյան գիտնականների կողմից, Ճապոնիայի գիտնականները որեւէ հստակ կապ չեն տեսել նախաճաշը բաց թողնելու եւ սրտի կաթվածի ռիսկի միջեւ: Հնարավոր է` դա կապված է Ճապոնիայում ճարպակալման ավելի ցածր ռիսկի հետ: 

Ավելի վաղ բրիտանացի եւ ամերիկացի գիտնականներն արդեն նկատել էին, որ նախաճաշը բաց թողնելը հիպերտոնիայի վտանգ է պարունակում: Նրանց տվյալներով, արթնանալուց հետո սննդից հրաժարումը մեծացնում է սրտի հիվանդություններից մահանալու ռիսկը:  Մասնագետները հայտնել են, որ նախաճաշը կարգավորում է ինսուլինի, խոլեստերինի մակարդակը եւ նվազեցնում է արյան ճնշումը: 

Բացի այդ, մի բաժակ թեյին շիլա կամ ձվածեղ ավելացնելով` ավելի հեշտ է վերահսկել քաշը: Դիետոլոգների խոսքով, ճարպակալումից տառապող մարդկանց մեծամասնությունը նախաճաշելու սովորություն չունի: Բայց առավոտյան սննդի ընդունումը բաց թողնելով`  հավանական է, որ նրանք ոչ միայն  նորմայով սահմանվածը «մինչեւ վերջ կուտեն», այլեւ  չափից մեծ քանակությամբ եւ բարձր կալորիականությամբ սնունդ կօգտագործեն: Ավելին, մեծանում է երկրորդ տեսակի դիաբետով հիվանդանալու ռիսկը:  

Նախաճաշն օգտակար է նրանով, որ օգնում է ավելի լավ կենտրոնանալ եւ ավելի շատ բան մտապահել: Բացի այդ, առավոտյան օգնում է հաղթահարել վատ տրամադրությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել