Իմաստնության ատամները` ատամնաշարի ութերորդ ատամները, մյուս ատամներից ավելի ուշ են դուրս գալիս` սովորաբար 18-25 տարեկանում: Շատ մարդկանց մոտ իմաստնության ատամներն ընդամենը հոգսեր են առաջացնում. Աճի ընթացքում հաճախ ցավում են, արագ փչանում են, իսկ երբեմն դուրս են գալիս արդեն փչացած:
Հենց այդ պատճառով որոշ մասնագետներ պնդում են, որ ցանկալի է անմիջապես հեռացնել այդ ատամները, հենց որ հայտնվեն լնդի տակ: Որոշ երկրներում իմաստնության ատամների հեռացումը նույնիսկ ներառված է բժշկական ապահովագրության մեջ:
Արժե՞, որ բացարձակապես բոլորը հեռացնեն իմաստնության ատամները, երբ դրանք հայտնվում են:
Հայաստանի Առողջապահության նախարարության գլխավոր ատամնաբույժ-վիրաբույժը կարծում է, որ իմաստնության ատամները նույնպիսի ատամներ են, ինչպես մնացածը: Եթե դրանք փոքրիկ խնդիր ունեն, դա լիովին հնարավոր է վերացնել:
Այդ ատամների հեռացման համար մասնագետի խոսքով ցուցումներ են անհրաժեշտ. չարժե հենց այնպես հեռացնել դրանք: Նման ցուցումներ կարող են լինել, օրինակ, անուշադրության մատնված ոսկրափտումը կամ էլ օրթոդոնտիկ պատճառները (օրինակ, եթե իմաստնության ատամները փչացնում են ատամների մնացած շարքը կամ էլ շարքում դրանց համար տեղ չկա):
Եթե իմաստնության ատամը սխալ, օրինակ` հորիզոնական դիրք ունի կամ էլ պսակը թեքված է, դա եւս ատամի հեռացման ցուցիչ է համարվում: Ամեն դեպքում, իմաստնության ատամների հեռացման կամ պահպանման հարցը պիտի որոշի մասնագետը:
Իմիջիայլոց, իմաստնության ատամներ ոչ բոլորն են ունենում եւ ոչ միշտ են դրանք դուրս գալիս հենց 18-25 տարեկանում, երբեմն դրանք ավելի շուտ են հայտնվում, երբեմն` ավելի ուշ, իսկ երբեմն ընդհանրապես դուրս չեն գալիս:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր