• Latest news

Սոցիալական աշխատող. Ո՞վ է նա եւ ինչու՞ է անհրաժեշտ Հայաստանին

11 փետրվարի, 2016  20:45

Սոցիալական աշխատողի մասնագիտությունը Հայաստանում ամենաժողովրդականը չէ, բայց նման մասնագետների կարիք ամեն տեղ կա, այդ թվում նաեւ Հայաստանում, պնդում են Ակհիլա Աննամրեդդին եւ Ջոն Սքոթը Հարվարդի հանրային առողջապահության դպրոցից: 

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում մասնագետները պատմել են, թե իրենից ինչ է ներկայացնում սոցիալական աշխատողը եւ ինչու է նա այդքան կարեւոր:  

Այսպիսով, ո՞վ է սոցիալական աշխատողը:

Դա ավելի հեշտ է հասկանալ պարզ մի օրինակով. եթե հիվանդի մոտ խրոնիկական այնպիսի ծանր հիվանդություն են ախտորոշում, ինչպիսին, օրինակ, քաղցկեղն է, նա եւ իր ընտանիքը մի շարք լուրջ խնդիրների առաջ են կանգնում. ի՞նչ անել, ո՞ւր դիմել, ինչո՞ւ է արվում այս կամ այն պրոցեդուրան, ինչո՞ւ է այս բուժումն իրականացվում, ոչ թե մեկ ուրիշը: Հիվանդն ու նրա ընտանիքն առաջին անգամ են հայտնվում նման իրավիճակում եւ շփոթված են, չգիտեն` ինչ անել: Նրանց անհրաժեշտ է մի շարք կարեւոր որոշումներ կայացնել, բայց նրանց համար դժվար է կողմնորոշվելը, գիտելիքները չեն հերիքում: Նույնիսկ եթե բժիշկները նրանց գործողության մի քանի տարբերակ են առաջարկում, հիվանդներն իրավիճակից այնքան լավ գլուխ չեն հանում, որ հասկանան, թե ինչպես է պետք վարվել:

Հենց այդ դեպքում է նրանց անհրաժեշտ սոցաշխատողը` մարդ, որը նրանց կօգնի, նրանց հետ ժամանակ կանցկացնի, ամեն ինչ կբացատրի, կօգնի կողմնորոշվել եւ որոշումներ կայացնել: Սոցաշխատողը կարող է նույնիսկ խոսել հիվանդի եւ նրա ընտանիքի անունից, ներկայացնել նրանց շահերը, բուժման ամբողջ ընթացքում միջնորդ լինել բժշկի եւ հիվանդի միջեւ:  

Բացի այդ, խրոնիկական հիվանդությունների բուժման դեպքում շատ այլ բարդություններ կան, օրինակ` հիվանդը ստիպված է հիվանդանոցում պառկել կամ էլ երկար ժամանակ կանոնավոր կերպով հիվանդանոց այցելել: Այդ ամենը բարդ է եւ ֆիզիկապես, եւ բարոյապես, այդ պատճառով հիվանդին եւ նրա ընտանիքին մարդ է անհրաժեշտ, որն օգնի գլուխ հանել, հարմարվել, լուծում գտնել: Դա մեկն է, ում հիվանդն ու իր ընտանիքը կվստահեն, ումից խորհուրդ կհարցնեն:  

Ինչպես նշել է Ակհիլա Աննամրեդդին, արեւմուտքում խրոնիկական հիվանդությունների, օրինակ` քաղցկեղի բուժումը բազմադիսցիպլինար մոտեցում է պահանջում. հիվանդի հետ աշխատում է ոչ միայն բժիշկների եւ բուժքույրերի խումբ, այլեւ պարտադիր` սոցիալական աշխատող: Հենց նա, որպես չշահագրգռված անձ, կարող է գործուն խորհուրդ տալ, հուշել, թե ինչպես լուծեն բուժման ընթացքում ի հայտ եկող խնդիրները եւ նույնիսկ բացատրել, թե ինչու է անցկացվում այս կամ այն բուժումը, եթե հիվանդը չի հասկանում:  

Չնայած նման աշխատանքը բավականին ծանր է, զարգացած երկրներում քիչ չեն մարդիկ, որոնք պատրաստ են սոցաշխատող դառնալ: Ի վերջո, ինչպես նշել են մասնագետները, «շատ մարդիկ ամեն օր ծանր աշխատանք են կատարում»:

Մասնագետները ենթադրում են, որ Հայաստանում եւս պետք է զարգացնել սոցաշխատողի ինստիտուտը: Ավելին, այստեղ, նրանց կարծիքով, սոցաշխատողի համար կարող է նույնիսկ ավելի հեշտ լինել, քան շատ այլ երկրներում, չէ՞ որ մարդիկ այստեղ շփվող են եւ հոգատար. դա հայկական մշակույթի մաս է կազմում: Այդ պատճառով ապագա սոցաշխատողի մեջ արդեն առկա է ձգտումը` օգնել բարդ իրավիճակում հայտնված մարդկանց. նրան պետք է միայն անհրաժեշտ կրթություն ստանալ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել