«Մանկաբուժական դպրոցի» մասնակից բժիշկները ստացան 8 ՇՄԶ կրեդիտ

11:16   13 ապրիլի, 2016

Երեւանի եւ մարզերի ավելի քան 200 մասնագետ «Արաբկիր» Բժշկական համալիր–Երեխաների եւ դեռահասների առողջության ինստիտուտում մասնակցեց մանկաբույժների եւ ընտանեկան բժիշկների մասնագիտական շարունակական զարգացմանն ուղղված դասընթացին։ Ամենամյա միջոցառման նախաձեռնողները Մանկական բժիշկների հայկական ասոցիացիան է` ՀՀ առողջապահության նախարարության, Երեւանի եւ մարզային առողջապահական կառույցների հետ համագործակցությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը։

«Մանկաբուժական դպրոցի» ծրագիրը կազմվել էր բժիշկների կարծիքները եւ առկա խնդիրները հաշվի առնելով: Ներկայացված դասախոսությունները նվիրված էին մանկաբուժական պրակտիկայի արդիական թեմաներին, մասնավորապես` Գրիպ (զեկուցող՝ ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբույժ, դոցենտ Ս.Սարգսյան), Ցնցումային համախտանիշ (Բ.Սուխուդյան, Արաբկիր ԲՀ), Միզաքարային հիվանդություն (ՀՀ ԱՆ գլխավոր նեֆրոլոգ, պրոֆեսոր Ա.Սարգսյան), Ցելիակիա (պրոֆ.Գ.Ամարյան, Արաբկիր ԲՀ), Կաղություն եւ քայլվածքի խանգարումներ (Կ.Միրզաբեկյան, Արաբկիր ԲՀ), Լիմֆադենիտները (Հ.Ապրեսյան, Նորք ինֆեկցիոն հիվանդանոց), եղնջացանը (Ա.Բաղդասարյան, Արաբկիր ԲՀ):

Առանձին զեկուցումներ նվիրված էին երեխաների սնուցման եւ աճի հարցերին՝ աճի խանգարումները (Ս.Հարությունյան, «Մուրացան» համալսարանական հիվանդանոց), էնդոկրին ծագման ցածրահասակությունը (Ռ.Մարկոսյան, «Մուրացան» համալսարանական հիվանդանոց), երեխաների սնուցման ծրագրավորումը (Ա.Խաչատրյան, Սուրբ Աստվածամայր հիվանդանոց): ՀՀ ԱՆ Իմունականխարգելման ծրագրի ղեկավար Գ.Սահակյանը ներկայացրեց ՀՀ Կառավարության 2016-2020 թթ. ռազմավարությունը:

Հայաստանում շարունակական բժշկական զարգացման արդի մոտեցումները ներկայացրեց Ասոցիացիայի պատվավոր նախագահ, ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հանձնաժողովի նախագահ պրոֆ.Արա Բաբլոյանը:

Նշենք, որ առողջապահության նախարարության կողմից սույն դասընթացին մասնակցությունը գնահատվել է 8 ՇՄԶ կրեդիտ:

 



© NEWS.am Medicine