5 խնդիր, որոնց կարող է հանգեցնել անքնությունը

16:23   23 ապրիլի, 2016

Մի  քանի անքուն գիշերը հազիվ թե երկարաժամկետ հետեւանքներ ունենա մեր առողջության վրա, սակայն երկարատեւ անքնությունը կարող է շատ վտանգավոր լինել: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանիսն այն խնդիրներից, որոնք կարող են ի հայտ գալ անքնության հետեւանքով: 

Սրտանոթային հիվանդություններ

Անքնությունը զգալիորեն բարձրացնում է սրտի եւ բարձր ճնշման հետ կապված հիվանդությունների զարգացման ռիսկը: 2011-ին նորվեգացի հետազոտողները   52 000 հիվանդի վրա հետազոտությունների ընթացքում պարզել են, որ անքնությամբ տառապողները զգալիորեն ավելի հաճախակի են բախվում սրտի կաթվածների: 

Շաքարային դիաբետ

Շատ հետազոտություններ ապացուցել են քնի որակի եւ դիաբետի միջեւ կապը: Ամենից հաճախ այդ խնդրին բախվում են այն մարդիկ, որոնք քնին  5 ժամից պակաս են հատկացնում:

ՃՏՊ-ի բարձր ռիսկ

Անքնության լրջագույն հետեւանքներից մեկը համարվում է ճանապարհատրանսպորտային պատահարների ավելացման վտանգը. քնի պակասը վթարների ռիսկը մեծացնում է  2,5 - 4,5 անգամ: Դա կապված է այն բանի հետ, որ անքնության պատճառով խախտվում են ուղեղի մտածողական գործառույթները, ինչպես նաեւ նվազում է կենտրոնացումը: 

Դեպրեսիա եւ տագնապալի խանգարումներ

Դեպրեսիան ամենատարածված հոգեկան խանգարումների թվին է դասվում, որոնց բախվում են անքնությամբ տառապող մարդիկ: Դեպրեսիան եւ անքնությունն իրականում փոխկապակցված են. մի խնդիրը կարող է հեշտությամբ մյուսի վերաճել:  

Աշխատանքի ցածր արտադրողականություն

Խրոնիկական անքնությամբ տառապող մարդկանց համար սովորաբար բարդ է արդյունավետ աշխատելը, եւ նրանք անհամեմատ ավելի հաճախակի են հիվանդության պատճառով արձակուրդ վերցնում, քան իրենց լավ քնող գործընկերները:



© NEWS.am Medicine