Մի քանի օր տիեզերքում անցկացրած մկների մոտ լյարդի հիվանդություն են հայտնաբերել

13:57   22 ապրիլի, 2016

Ատլանտիս շաթլով տիեզերք մեկնած մկների մոտ հայտնաբերել են լյարդի հիվանդության ախտանշաններ: Այս մասին հայտնում է University of Colorado-ի հետազոտական խումբը, որը հետազոտել է մկներին, երբ նրանք Երկիր են վերադարձել:

Թռիչքը դեռ 2011-ին է եղել, կենդանիները տիեզերքում են անցկացրել 13.5 օր, որից հետո մի խումբ գիտնականներ սկսել են ուսումնասիրել նրանց առողջական վիճակը: University of Colorado-ի թիմը ուսումնասիրել է լյարդի նմուշները ու լյարդի ճարպակալման հիվանդության վաղ նշաններ հայտնաբերել: Լյարդի վիճակը նրանք համեմատել են այն մկների լյարդի հետ, որոնք Տիեզերք չեն թռչել, բայց նույնատեսակ սնունդ են ստացել Երկրի վրա:

Գիտնականները կարծում են, որ տիեզերական թռիչքը ինչ -որ ձեւով ազդում է լյարդի բջիջների աշխատանքի վրա՝ դրանցում ակտիվացնելով պրոցեսներ, որոնք պատասխանատու են ֆիբրոզի զարգացման համար: Քանի որ թռիչքն ընդամենը երկու շաբաթ է տեւել, մկների մոտ զարգացել են միայն հիվանդության սկզբնական փուլերը, պարզաբանում են գիտնականները: Կենդանիների մոտ նաեւ նկատվել է մկանային զանգվածի կորուստ:

Գիտնականների խոսքով, մկների մոտ ֆիբրոզ առաջացնելու համար անհրաժեշտ է նրանց մի քանի ամիս շարունակ հատուկ դիետայով պահել, սակայն տիեզերական թռիչքը զգալիորեն արագացրել է այդ հիվանդության զարգացումը:

Հեղինակները փորձում են հասկանալ, թե ինչով է պայմանավորված լյարդի հիվանդության այդքան արագ զարգացումը: Դա կօգնի նաեւ հասկանալ, թե ինչ է կատարվում մարդու օրգանիզմի հետ երկարատեւ տիեզերական թռիչքի ժամանակ: Դրա համար նրանք պետք է հետազոտեն կենդանիներին, որոնք տիեզերքում ավելի շատ ժամանակ են անցկացրել:

Հետազոտության հեղինակ Կարեն Յոնշերը հայտնել է,որ լյարդի վրա տիեզերական թռիչքների ազդեցության մասին առայսօր ոչինչ հայտնի չէր, մասնագետները միայն գիտեին, որ Երկիր վերադառնալուց հետո տիեզերագնացների մոտ նկատվում են շաքարախտի նշաններ, բայց որոշ ժամանակ անց դրանք անցնում են:

Այս հետազոտությունը հրապարակվել է PLOS ONE ամսագրում:



© NEWS.am Medicine