Բրիտանիայում բժիշկների գործադուլի պատճառով հիվանդանոցները կրիտիկական վիճակում են հայտնվել

13:42   25 ապրիլի, 2016

Ավելի քան 125 հազար վիրահատություն եւ բժիշկների մոտ ընդունելություն չեղյալ է համարվել Մեծ Բրիտանիայի բուժական հաստատությունների երիտասարդ աշխատակիցների գործադուլի պատճառով: Telegraph-ի տվյալների համաձայն, գործադուլի նախօրեին ամեն երրորդ հիվանդանոցն արդեն կրիտիկական վիճակում է:

Ապրիլի 26-ին եւ 27-ին պլանավորված 48-ժամյա գործադուլի ընթացքում Բրիտանական բժշկական ասոցիացիայի անդամ երիտասարդ բժիշկները   (որոնց աշխատանքային ստաժը չի գերազանցում 10 տարին) պատմության մեջ առաջին անգամ հիվանդներին որեւէ օգնություն չեն տրամադրի, նույնիսկ` արտակարգ: Հիվանդանոցներում երիտասարդ բժիշկներին չեն փոխարինի ավագ բժիշկները: Բողոքի նախորդ ակցիաներին չէին մասնակցել վերակենդանացման, ծննդաբերական եւ շտապօգնության բաժանմունքներում հերթապահողները: 

Բժշկական հաստատությունների մոտ  38 տոկոսը ստիպված է շտապ միջոցներ ձեռք առնել  «հիվանդների հոսքի» հետ կապված, նշում է Telegraph-ը:

Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Ջերեմի Հանտը գործադուլի մասնակիցներին է դիմել` հայտարարելով, որ նրանց բողոքի ակցիան կհանգեցնի ամբողջ երկրով մեկ հիվանդների կյանքի համար   «անընդունելի»  ռիսկի եւ մարդկանց անհանգստության:  «Այս ակցիային մասնակցելն ընտրություն է, եւ ես ԲԲԱ-ին (Բրիտանական բժշկական ասոցիացիային) կոչ եմ անում առաջին տեղում դնել հիվանդների կյանքը», — Հանտին է մեկնաբանում թերթը:

Ավելի վաղ բժիշկները առողջապահության նախարար Ջերեմի Հանտին էին դիմել բաց նամակով, որում կոչ էին արել չեղյալ համարել իրենց համար ոչ շահավետ նոր պայմանագրեր մտցնելու որոշումը` իրենց հերթին խոստանալով հրաժարվել երկրի պատմության մեջ առաջին լիակատար գործադուլն իրականացնելու ծրագրից: Սակայն, ըստ ամենայնի, գործադուլն ամեն դեպքում տեղի կունենա, որովհետեւ կառավարությունը մտադիր չէ հրաժարվել իր պլաններից: 

Անգլիայում երիտասարդ բժիշկների ընդհանուր թիվը մոտ  55 հազար է, գործադուլի կազմակերպիչ Բրիտանական բժշկական ասոցիացիայի անդամ է  37 հազար բժիշկ: Բողոքի նախորդ ակցիաները հազարավոր վիրահատություններ չեղյալ համարելու եւ հազարավոր բուժզննումներ եւ անալիզներ հետաձգելու պատճառ են դարձել:

 



© NEWS.am Medicine