Էժանագին կարմիր միսը ծերացման է հանգեցնում

17:44   30 ապրիլի, 2016

Էժանագին կարմիր մսի օգտագործումը` վերամշակված եւ տարբեր սննդային հավելումներով, ուղղակիորեն ազդում է կյանքի տեւողության վրա, պարզել են շոտլանդական Գլազգոյի գիտնականները, հայտնում է  Independent-ը:

Թերթի տվյալներով, շոտլանդացի սոցիոլոգները վաղուց նկատել էին, որ Գլազգոյում հարուստ քաղաքացիներն ապրում են միջինը մինչեւ 80 տարի, մինչդեռ աղքատների կյանքի տեւողությունը չի գերազանցում   54-ը: Այդ երեւույթի պատճառներն ավելի վաղ հայտնի չէին: Սակայն վերջերս Գլազգոյի համալսարանին կից Քաղցկեղի հետազոտման ինստիտուտի գիտնականների հետազոտությունը բացահայտել է գաղտնիքը: Պարզվել է , որ գլխավոր պատճառն այն է, որ աղքատները չեն կարող իրենց թույլ տալ որակյալ սնունդ գնել: Էժան, վերամշակված միսը հատկապես վնասում է նրանց առողջությանը:  

Հետազոտությունը ցույց է տվել, որ բազմաթիվ սննդային հավելումները, որոնք օգտագործվում են  էժանագին մսամթերք արտադրողների կողմից, զգալիորեն թեթեւացնում են ֆոսֆատների յուրացվելիությունը (60 տոկոսի փոխարեն, յուրացվում է ամբողջ 100 տոկոսը), այդ մթերքն էլ ավելի կործանարար դարձնելով առողջության համար: Ֆոսֆատների վնասը պայմանավորված է նրանով, որ դրանք ոչնչացնում են տելոմերները` քրոմոսոմների այն հատվածները, որոնք օրգանիզմին պաշտպանություն են ապահովում սրտանոթային հիվանդություններից, քաղցկեղի եւ Ալցհայմերի հիվանդության զարգացումից: 

«Դա անձնական ընտրություն չէ, չէ որ աղքատները չեն կարող ընտրել, - ասում է Պոլ Շիլզը Գլազգոյի համալսարանից, - սակայն անառողջ սննդակարգի հետեւանքներն անխուսափելի են եւ շատ լուրջ»:

Գիտնականների խոսքով, հնարավոր է նվազեցնել վերամշակված էժանագին մսի կործանարար ազդեցությունը օրգանիզմի վրա` սննդի մեջ ներառելով բավարար քանակությամբ մրգեր եւ բանջարեղեն: Մարդիկ պիտի լրջորեն մտածեն սննդի ամեն ընդունման մեջ միս ներառելու իրենց սովորության մասին, հայտնում է պրոֆեսոր Շիլզը:



© NEWS.am Medicine