Գիտնականները եւս մեկ անգամ ապացուցել են գազավորված ըմպելիքի վնասը

18:51   30 ապրիլի, 2016

Պարզվել է, որ քաղցր գազավորված ըմպելիքներն ավելի վնասակար են, քան նախկինում ենթադրվում էր: Նման եզրակացության է հանգել գիտնականների միջազգային խումբը, որոնց թվում կային նաեւ ռուսաստանյան Նովոսիբիրսկի պետական համալսարանի (ՆՊՀ) մասնագետներ: 

Հետազոտության ընթացքում, որն անցկացրել է Գրոնինգենի համալսարանի Բժշկական կենտրոնի Գենետիկայի դեպարտամենտը (Նիդերլանդներ), ստուգվել է, թե մթերքների եւ սննդակարգերի տարբեր տեսակներն ինչպես են ազդում մարդկային միկրոբիոմի վրա  (միկրոօրգանիզմների` մանրէների, բակտերիաների, վիրուսների, սնկերի ամբողջությունը, որոնք ապրում են մարդու մեջ): Այսպես, պարզվել է, որ այն մարդկանց մոտ, որոնք բարձր կալորիականությամբ սնունդ են ընդունում եւ շաքարի բարձր պարունակությամբ գազավորված ըմպելիքներ, էականորեն ցածր է միկրոբիոմի բազմազանությունը: 

Միաժամանակ մրգերի, բանջարեղենի եւ կաթնաթթվային մթերքի օգտագործումը հանգեցնում է հակառակ արդյունքի: Այդ ցուցանիշն անմիջականորեն արտացոլվում է առողջության վրա. բարձր կենսաբազմազանությամբ մարդիկ առողջության ավելի բարձր ցուցիչներ ունեն:    

Գիտնականները հետազոտել են Հյուսիսային Նիդերլանդների միատարր պոպուլյացիայից ավելի քան հազար բնակչի միկրոբիոմները: Ազդեցությունը, ինչպես բացասական, այնպես էլ հակառակը` դրական, արձանագրվել է մթերքների եւ սննդակարգերի առնվազն 60 կարգի դեպքում:

Միկրոբիոմի բազմազանությունը կապված է նաեւ դեղամիջոցների 19 տեսակի հետ, այդ թվում նաեւ` վիտամինների, հակաբիոտիկների եւ նույնիսկ հակադեպրեսանտների: 

Աշխատանքները կատարվել են նմուշներում առկա բոլոր ԴՆԹ-ների զանգվածային զուգահեռ սեկվենավորման մեթոդով (նուկլեիդային հաջորդականության ընթերցումը):  Դա թույլ է տվել տեղեկություններ ստանալ այն մասին, թե միկրոօրգանիզմների ինչ ընտանիքներ, տեսակներ, ցեղեր է ներառել հետազոտության մասնակիցներից յուրաքանչյուրի միկրոֆլորան: Հետազոտման արդյունքները հրապարակվել են գիտական Science ամսագրում:



© NEWS.am Medicine