Ճապոնիայում համակարգչային մկնիկ են ստեղծել սթրեսի մակարդակը չափելու համար

20:12   30 ապրիլի, 2016

Ճապոնական Alps Electric ընկերությունը համակարգչային նոր մկնիկ է ստեղծել, որը թույլ է տալիս չափել օգտագործողի սթրեսի մակարդակը, հայտնում է  Nikkei Technology-ին:

Սարքը զինված է ջերմության եւ օդի խոնավության տվիչներով, ինչպես նաեւ  սենսորներով, որոնք չափում են մի շարք ֆիզիոլոգիական ցուցիչներ, մասնավորապես` զարկերակի ինտենսիվությունը եւ ափերի քրտնելիությունը:  Վերլուծելով դրանք` սարքը որոշում է սթրեսի մակարդակը, որին այդ պահին ենթակա է մարդը: Այդ նպատակով համակարգիչն օգտագործողն ընդամենը պիտի ձեռքը պահի մկնիկի վրա:  

Լրացուցիչ թեստերի անցկացումից հետո Alps Electric-ը հույս ունի նոր սարքի վաճառքը սկսել մինչեւ տարեվերջ: Դրա գինը դեռեւս որոշված չէ:  

Համարվում է, որ ճապոնացիները հաճախ չափից շատ են աշխատում եւ աշխատավայրում մեծ սթրես են ապրում: Երկրում գոյություն ունի նաեւ հատուկ տերմին` «կարոսի», որը նշանակում է մահ չափից շատ աշխատելուց:



© NEWS.am Medicine