Ամերիկացիներն ինքնուրույն ռոբոտ-վիրաբույժ են ստեղծել

15:49   5 մայիսի, 2016

ԱՄՆ-ում մշակվել է աշխարհում առաջին ռոբոտը, որը վիրահատության ընթացքում որոշ գործառույթներ ավելի լավ է կատարում, քան վիրաբույժի ձեռքը: 

STAR (Smart Tissue Autonomous Robot) ինքնուրույն սարքը կազմված է ռոբոտացված ձեռքից եւ կարեր դնող ավտոմատացված գործիքից: Ռոբոտը զինված է նաեւ ինֆրակարմիր պատկերման  3D համակարգով, որը գործողությունների հստակ ուղի է տալիս, ինչպես նաեւ սենսորային համակարգով, օրինակ` նրա համար, որ կարերը չափազանց քիպ կամ հակառակը` թույլ չլինեն: 

Վաշինգտոնում Առողջապահության ազգային մանկական համակարգի մասնագետները խոզերի վրա են փորձարկել STAR-ը, որովհետեւ նրանց ներքին օրգանների տեղաբաշխումը նման է մարդու օրգանների բաշխմանը:  

Փորձարկման ընթացքում էնտերոէնտերոստոմիա է իրականացվել  (մարսողական տրակտի վերականգնում), որը սովորական վիրաբուժական պրոցեդուրա է, երբ հեռացվում է ուռուցքը:  

«Արդյունքները մեզ համար զարմանալի էին, STAR-ի գործողությունների կատարումը կայուն առումով ավելի լավ էր, քան դա անում էին բժիշկները», — ասել է հետազոտության մասնակիցներից մեկը` Փիթեր Կիմը: 

Նրա խոսքով, չնայած ռոբոտը ստեղծվել է ավտոնոմ ռեժիմով աշխատելու համար, ցանկացած պահի վիրաբույժը կարող է միանալ մանիպուլյացիաներին:  «Եթե ինչ-որ բան սխալ գնա, կոճակի մի սեղմումը կկանգնեցնի ռոբոտին», — նշել է Կիմը:

Մասնագետների կարծիքով, ռոբոտը պահանջված կլինի այնպիսի վիրահատություններում, ինչպիսիք են կույր աղիքի բորբոքումը եւ լեղապարկի հեռացումը: Կլինիկական փորձարկումները հնարավոր է սկսել առաջիկա երկու կամ երեք տարում:



© NEWS.am Medicine