Ճարպակալումը կարող է վարակիչ լինել

12:37   6 մայիսի, 2016

Ճարպակալումը կարող է աղիքային ցուպիկի նման վարակիչ լինել՝ նման եզրակացության են հանգել Մեծ Բրիտանիայի Wellcome Trust Sanger Institute–ի հետազոտողները: Այս բացահայտումը հույս է տալիս, որ կստեղծվեն պայքարի նոր մեթոդներ ճարպակալման համաճարակի դեմ, որը սպառնալից բնույթ է ստանում:

Գիտնականները ուսումնասիրել են մարդու աղիներում բնակվող մանրէները ու պարզել, որ միկրոօրգանիզմների մեկ երրորդը արտադրում է սպորեր, որոնք կարողանում են կենսունակ մնալ բաց օդին ու փոխանցվել մարդուց մարդ: Գիտնականները համարում են, որ շատ հիվանդություններ ու վիճակներ առաջացնում են աղիների մանրէների փոփոխություններ: Նման խանգարումներից են ճարպակալումը եւ մեկ ընտանիքի շրջանակում դիտարկվող այլ նմանատիպ հիվանդություններ:

Տեսականորեն այս ենթադրությունը հաստատվել է դեռ 10 տարի առաջ, երբ Վաշինգթոնի համալսարանի գիտնականները պարզել են, որ ճարպակալումով տառապող մկներից նիհար մկներին աղիների մանրէների փոխպատվաստումից հետո վերջինների մոտ սկսվում է քաշի կտրուկ աճ: Այս դիտարկումը հետագայոմ վերահաստատվել է բազմաթիվ այլ փորձերի ընթացքում:

Սպորերը՝ մանրէների քնած վիճակի տարատեսակ են, այսինքն միկրոօրգանիզմները այդ վիճակում կարողանում երկար ժամանակ ոչ ակտիվ մնալ: Գիտության պատմության մեջ առաջին անգամ գիտնականները ենթադրել են, որ հիվանդությունների փոխանցումը հնարավոր է աղիների մանրէների միջոցով: Սա վերաբերում է եւ ճարպակալմանը, եւ աղիների բորբոքային հիվանդություններին, օրինակ Կրոնի հիվանդությանն ու կոլիտներին:

Եթե տվյալ բացահայտումը հաստատվի, ապա գիտնականները կկարողանան կազմել առողջ մարդուաղիների մանրէների քարտեզ, որի օգնությամբ հնարավոր կլինի վերականգնել մանրէների հավասարակշռությունը ճարպակալման ու նմանատիպ այլ խանգարումների զոհերի մոտ:



© NEWS.am Medicine