Նանոմասնիկները կօգնեն ճարպակալման դեմ պայքարում

17:49   6 մայիսի, 2016

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի  (MIT) եւ Բրիգամի կանանց հիվանդանոցի (Brigham and Women's Hospital) հետազոտողները նանոմասնիկներ են մշակել, որոնք կարող են ճարպակալման դեմ դեղամիջոցները հասցնել հենց ճարպային հյուսվածքին:  

Ավելորդ քաշով մկները, որոնք ստացել են այդ նանոմասնիկները, 25 օրվա ընթացքում կորցրել են իրենց քաշի   10 տոկոսը, միաժամանակ որեւէ երկրորդական էֆեկտ չեն դրսեւորել: 

Նանոմասնիկներում առկա դեղամիջոցը խթանում է ճարպային հյուսվածքում նոր արյունատար անոթների աճը: Արդյունքում այն   «վնասակար» սպիտակ ճարպային հյուսվածքից վերափոխվում է «օգտակար» գորշ ճարպային հյուսվածքի:  

Նման դեղամիջոցները նոր չեն: Սակայն հետազոտական խումբը դրանք տեղ հասցնելու նոր միջոց է մշակել: Ընդ որում այնպես, որ դրանք չկուտակվեն հենց ճարպային հյուսվածքում` օգնելով խուսափել մարմնի այլ մասերում երկրորդական էֆեկտներից: 

Ավելի վաղ գիտնականները ցույց էին տվել, որ նոր արյունատար անոթների աճի խթանումը` գործընթաց, որը հայտնի է անգիոգենեզ անունով, կարող է օգնել ճարպային հյուսվածքի փոխակերպմանը եւ հանգեցնել մկների մոտ քաշի կորստի: Բայց մի կարեւոր դիտողություն կա. այն դեղամիջոցները, որոնք անգիոգենեզ են խթանում, կարող են վնաս հասցնել օրգանիզմի այլ մասերի: 

Գիտնականները մասնիկներ են մշակել, որոնք դեղերը կրում են իրենց հիդրոֆոբ միջուկներում, որոնք կապված են PLGA պոլիմերի հետ: Վերջինս օգտագործվում է շատ այլ մասերում դեղամիջոցները եւ բժշկական սարքավորումները տեղ հասցնելու համար: 

Հետազոտողները մասնիկների ներսում երկու տարբեր դեղամիջոց են փաթեթավորել: Առաջինը ռոսիգլիտազոնն է, որը հավանության է արժանացել դիաբետի բուժման համար, բայց լայնորեն չի օգտագործվում երկրորդական հետեւանքների պատճառով: Երկրորդը պրոստագլանդինի նմանակն է` մարդկային հորմոնի տեսակի: Երկու դեղամիջոցն էլ ակտիվացնում են բջջային   PPAR ռեցեպտորը, ինչը խթանում է անգիոգենեզը եւ ճարպային հյուսվածքի փոխակերպումը «օգտակարի»:

Նանոմասնիկների արտաքին թաղանթը կազմված է մեկ այլ պոլիմերից` պոլիէթիլենգլիկոլից, ներկառուցված մոլեկուլներով, որոնք մասնիկներն ուղարկում են անհրաժեշտ նպատակներին: Նման մոլեկուլները կապվում են արյունատար անոթների մակերեւույթին գտնվող սպիտակուցների հետ, որոնք շրջահյուսում են ճարպային հյուսվածքը: 

Գիտնականները մասնիկների ազդեցությունը ստուգել են մկների վրա փորձարկումներում, որոնք ճարպերի բարձր պարունակությամբ սննդի պատճառով ճարպակալում ունեին: Կենդանիներին 25 օրվա ընթացքում երկու օրը մեկ նանոմասնիկների մեջ փաթեթավորված դեղեր էին տալիս: 

Արդյունքում մկները կորցրել են մարմնի զանգվածի մոտ 10 տոկոսը, իսկ խոլեստերինի եւ տրիգլիցերիդների մակարդակը (մոլեկուլի, որը մարդու օրգանիզմում  կազմում է ճարպերի հիմնական բաղադրիչը) նրանց մոտ նվազել է: Կրծողները նաեւ ավելի զգայուն են դարձել ինսուլինի հանդեպ: Բացի այդ, փորձարկվող մկների մոտ ոչ մի երկրորդական ազդեցություն չի դիտարկվել: 

Հետազոտությունը մանրամասն նկարագրված է Proceedings of the National Academy of Sciences գիտական պարբերականում:



© NEWS.am Medicine