Պարզվել է, որ բալի հյութն օգտակար է հիպերտոնիայի դեմ պայքարում

16:27   6 մայիսի, 2016

Բարձր զարկերակային ճնշումից եւ հիպերտոնիայից տառապող մարդիկ պիտի ավելի հաճախ բալի հյութ խմեն, պարզել են բրիտանացի գիտնականները: Պարզվել է, որ այն իր արդյունավետության աստիճանով չի զիջում դեղերին: 

Կամավորները, որոնք բալի հյութի ջրով բացված խտանյութ են օգտագործել, կարողացել են երեք ժամում հասնել զարկերակային ճնշման  7 տոկոսով նվազման: Դա բավարար է եղել ուղեղի կաթվածի ռիսկը  38 տոկոսով, իսկ սրտի հիվանդություններինը` 23 տոկոսով նվազեցնելու համար: Այդպիսին են հետազոտության արդյունքները, որն իրականացրել են   Northumbria University-ի գիտնականները:

Հետազոտության հեղինակները հետեւել են 15 մարդու առողջությանը, որոնց մոտ հիպերտոնիայի վաղ նշաններ են դիտարկվել: Կամավորները կամ մոնմորանսի տտիպ բալի  60-ական մլ խտանյութ են ստացել  100 մլ ջրով բացած, կամ էլ  նույն ծավալի պլացեբո` բալի համով: 

Հետազոտության արդյունքները միանշանակորեն վկայում են բալի խտանյութի արդյունավետության մասին, որն իր ազդեցության ուժով չի զիջել բարձր զարկերակային ճնշման դեմ ավանդական դեղամիջոցներին: Հետազոտության հեղինակները դա վերագրում են բալի հյութի բուսական տարրերի ազդեցությանը հիվանդների արյան երկու ֆենոլաթթվի` պրոտոկատեխինային եւ վանիլինային թթուների ցուցանիշների վրա:



© NEWS.am Medicine