ԱՄՆ սենատը 1.1 մլրդ դոլար կտրամադրի Զիկա վիրուսի դեմ պայքարի նպատակով

10:34   20 մայիսի, 2016

ԱՄՆ սենատը նիստի ժամանակ հաստատել է Զիկա վիրուսի դեմ պայքարին 1.1 մլրդ դոլար տրամադրելու մասին օրինագիծը: Այս գումարը 800 մլն դոլարով քիչ է Սպիտակ տան պահանջածից: Այս որոշմանը կողմ է քվեարկել պալատի 68 անդամ, 30-ը դեմ է արտահայտվել:

«Սա արտակարգ իրավիճակ է երկրի առողջապահության համար, ու Կոնգրեսը պետք է դիտարկի այն հենց այս տեսակետից», - ասել է Վաշինգթոն նահանգից սենատոր Փեթի Մյուրեյը:

Այս որոշումը սակայն չի նշանակում, որ գումարը անմիջապես կփոխանցվի: Մայիսի 18-ին Կոնգրեսի ստորին պալատը նույնատեսակ օրինագիծ էր ընդունել, բայց դրանում ամրագրված գումարը կազմում է ընդամենը 622 մլն դոլար: Հիմա սենատորները ու կոնգրեսականները պետք է համաձայնեցնեն այս երկու փաստաթղթերը ու միայն դրանից հետո միասնական տեքստը կուղարկվի ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ ստորագրության համար:

Մինչեւ վերջերս Զիկա վիրուսը համարվում էր մարդու համար անվտանգ, բայց դրա սպառնալիքների մասին նոր տեղեկություններն ամբողջովին փոխել են վիրուսի մասին պատկերացումը: Մի շարք երկրների, այդ թվում ԱՄՆ ու Բրազիլիայի գիտնականները կարծում են, որ Զիկա վիրուսը, հայտնվելով հղիների օրգանիզմի մեջ, առաջացնում է պտղի զարգացման զանազան արատներ: Դրանցից ամենածանրն է համարվում միկրոցեֆալիան՝ գանգի չափերի զգալի փոքրացոմը, որը հանգեցնում է թուլամտության, տեսողական ու լսողական խնդիրների:

Հիշեցնենք, որ փետրվարին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի աշխատակազմը դիմել էր կոնգրեսին ՝ խնդրելով վիրուսի դեմ պայքարի համար հատկացնել ավելի քան 1.8 մլրդ դոլար:



© NEWS.am Medicine