Ինչո՞ւ են չծխող մարդիկ հիվանդանում թոքերի քաղցկեղով

11:54   21 մայիսի, 2016

Թոքերի քաղցկեղը ինչպես գիտեք ծխողների հիվանդություն է, սակայն այն երբեմն նաեւ չծխողների մոտ է ախտորոշվում:

Ինչո՞ւ են չծխողները հիվանդանում թոքերի քաղցկեղով

Պասիվ ծխելը

Պարզվում է, որ պասիվ ծխողների մոտ թոքերի քաղցկեղով հիվանդանալու վտանգը նույնքան մեծ է, որքան ակտիվ ծխողների մոտ: Երբեմն թոքերի քաղցկեղը ախտորոշվում է նրանց մոտ, ում ազգականները երկար տարիներ ծխել են: Վերջերս ԱՀԿ հետազոտողները պարզել են, որ պասիվ ծխելու հետեւանքով տարեկան ավելի քան 600 հազար մարդ է մահանում: Նրանց մեկ երրորդը երեխաներ են, որոնք ստիպված են լինում տանը շնչել ծխախոտի ծուխը:

Մասնագիտություն

Մարդու մասնագիտությունը թոքերի քաղցկեղի զարգացման հաջորդ ռիսկի գործոնն է: Եթե նա աշխատում է այնպիսի ձեռնարկությունում, որտեղ ստիպված է շնչել վտանգավոր նյութեր՝ օրինակ ներկեր, կամ ասբեստ, այս հիվանդության առաջացման վտանգը զգալիորեն աճում է: Մթնոլորտը, որում ածխածնի, ածխածնի երկօքսիդի, ծծմբի երկօքսիդի, ու ազոտի օքսիդի բարձր պարունակություն կա, նույնպես կարող է թոքերի քաղցկեղի պատճառ դառնալ:

Այլընտրանքային ծխախոտ

Կալյանը, ծխամորճը ու էլեկտրոնային ծխախոտը նույնքան վնասակար են առողջության համար, որքան սովորական ծխախոտը: Աթենքի համալսարանի գիտնականները վերջերս հայտնաբերել են, որ էլեկտրոնային ծխախոտի շարունակական գործածումը ավելացնում է թոքերի քաղցկեղի առաջացման վտանգը:

Ժառանգականություն

Թոքերի քաղցկեղի առաջացման հաջորդ պատճառը գեներն են, որոնք որոշում են մարդու հակումը ուռուցքային հիվանդությունների նկատմամբ: Վերջերս գիտնականները պարզել են, որ 15-րդ քրոմոսոմի որոշակի մասում մուտացիան բարձրացնում է թոքերի քաղցկեղի զարգացման հավանականությունը:



© NEWS.am Medicine