Զիկա վիրուսը տարածող մոծակները շուտով ԱՄՆ կհասնեն

11:46   23 մայիսի, 2016

Զիկա վիրուսը տարածող վտանգավոր մոծակները շուտով ԱՄՆ կհասնեն, նախազգուշացրել է Ալերգիայի ու ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչին:

Նա հայտնել է, որ Միացյալ նահանգներում արդեն գրանցվել է տենդով հիվանդացության մոտավորապես 500 դեպք, ընդ որում բոլոր դեպքերում էլ վիրուսը դրսից էր բերվել: Մոտ ժամանակներս իրավիճակը կարող է փոխվել, քանի որ վիրուսը տարածող մոծակները ընդլայնել են իրենց տարածքը, հայտնում է Wall Street Journal–ը:

Գիտնականի խոսքով, ԱՄՆ-ի համար վտանգ է ներկայացնում մոծակի երկու տեսակ: Դրանցից մեկը լայն տարածված է արեւելյան ափի ու Նոր Անգլիայի տարածքում, մյուսը՝ երկրի հարավում: Մինչ այդ հայտնի է դարձել Կարիբյան լողավազանում Զիկա վիրուսից մահացության առաջին դեպքը՝ մայիսի 20-ին տենդից մահացել է Մարտինիկա կղզու բնակիչը:

Ամերիկյան իշխանությունները արդեն մտահոգված են Զիկա վիրուսի դեմ պայքարով: ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ավելի վաղ 622 մլն դոլար էր հատկացրել հիվանդության դեմ պայքարի համր, ավելի ուշ Սպիտակ տունը 1.9 մլրդ դոլար էր խնդրել այդ նպատակի համար: ԱՄՆ Սենատը հաստատել է 1.1 մլրդ դոլար տրամադրելու մասին օրինագիծը:

Զիկա տենդը վտանգավոր ինֆեկցիոն հիվանդություն է, վիրուսով վարակվում են Aedes տեսակի մոծակների խայթոցից: Զիկա համաճարակը սկսվել է 2015-ին Լատինական Ամերիկայում, այն արդեն տարածվել է երկու մայրցամաքի 22 երկրներում:

 



© NEWS.am Medicine