Հակաբիոտիկները հանգեցնում են հիշողության վատացման

20:45   23 մայիսի, 2016

Հակաբիոտիկների երկարատեւ կուրսը, որը ոչնչացնում է աղիքային մանրէները, հանգեցնում է ուղեղի նոր բջիջների ծննդի դանդաղման, պարզել են Գերմանիայում մոլեկուլային բժշկության կենտրոնի կենսաբանները: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Cell Reports-ում:

Փորձարկումների ընթացքում գիտնականները նախ  210 լաբորատոր մկանը սովորական ջուր են տվել, իսկ հետո սկսել են դրան հակաբիոտիկներ ավելացնել: Կրծողների հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ աղիների միկրոֆլորայի փոփոխությունների հետ փոփոխություններ են տեղի ունենում նաեւ մկների հիպոկամպում: Պարզվել է, որ հակաբիոտիկների ազդեցության հետեւանքով հիպոկամպի` նոր նյարդային բջիջների ձեւավորման կարողությունը վատանում է:  

Գիտնականները նման արդյունքը բացատրում են նրանով, որ աղիների մանրէները ազդում են նյարդային համակարգի զարգացման վրա: Նման ազդեցությունը միջնորդավորվում է իմունային համակարգի բջիջներով:  Ly6Chi մոնոցիտներ կոչվող իմունային բջիջների ներարկումները  վերականգնում են նեյրոգենեզի նախկին մակարդակը: 

Բացի այդ, հետազոտողները նկատել են, որ ֆիզիկական վարժությունները եւ կենդանի մանրէների ութ տեսակներից պրոբիոտիկներով բուժումը եւս մեծացնում է նորածին նյարդային բջիջների թիվը եւ բարելավում է մկների հիշողությունը, որոնք հակաբիոտիկների ազդեցությանն են ենթարկվել: Հետազոտողների խոսքով, հայտնագործությունը հնարավորություն է տալիս բարելավել հոգեկան առողջությունը` կարգավորելով մարսողական տրակտում միկրոօրգանիզմների կազմը: 

Առայժմ վաղ է խոսել` արդյոք հակաբիոտիկների կարճատեւ կուրսերն ազդում են հիշողության վրա, սակայն գիտնականները համարում են, որ որոշ պրոբիոտիկներ կարող են օգտակար լինել այն մարդկանց, որոնց հակամանրէային դեղամիջոցներով բուժում են նշանակում:



© NEWS.am Medicine