Մեծ Բրիտանիայում բժիշկները կերակրափողի խանգարումը շփոթել են անորեքսիայի հետ

11:55   24 մայիսի, 2016

Արեւելյան Յորքշիրից 23-ամյա Հեյլի Լոթոնը, որի մոտ բժիշկները անորեքսիա էին ախտորոշել, կարճ ժամանակում նիհարել էր գրեթե 32 կիլոգրամով: Նրան բազմիցս փորձել են բուժել սննդային խանգարումների մասնագետները, չնայած Հեյլին ինքը վստահեցնում էր, որ ամենեւին էլ չի ձգտում քաղցած մնալ ու նիհարել: Աղջիկը պատմել էր, որ դեռ 2013-ին իր մոտ սկսվել էին սնունդը կուլ տալու խնդիրներ:

Հենց դրանց պատճառով էլ նա այդքան կարճ ժամանակահատվածում այդքան շատ նիհարել էր: Սակայն բժիշկները չէին հավատացել նրան ու համարել էին, որ Հեյլին դասական անորեքսիայի զոհ է: Միայն երբ աղջկա մոտ ջղաձգումների մի քանի նոպաներ են եղել, որոնց պատճառը ուժեղ ջրազրկումն էր, բժիշկները հասկացել են, որ նրա մոտ ախալազիա է:

Դա խրոնիկ հիվանդություն է, որը բնութագրվում է ստորին կերակրափողի սֆինկտերի բացակայությամբ կամ անբավարար ռեֆլեկտոր թուլացումով, ինչի հետանքով կերակրափողի անցանելիությունը խախտվում է: Հենց այդ պատճառով էլ Հեյլին չէր կարողանում կուլ տալ սնունդը: Նա ստիպված է եղել թողնել աշխտանքը, նա ի վիճակի չէր նույնիսկ խնամել իր 4 տարեկան որդուն՝ Ռայլիին: Աղջիկը խոստովանում է, որ բառացիորեն դուրս չէր գալիս իր ննջարանից, քանի որ որեւէ քայլ անելու ուժ չուներ: Բացի դրանից նա չէր ուզում, որ որդին մորը տեսնի նման սարսափելի վիճակում:

Ախալազիան համարվում է բավականին հազվագյուտ խանգարում: Ախտանիշները կարող են սկսվել կյանքի ցանկացած փուլում, սովորաբար դրանք աստիճանաբար են զարգանում: Անցած տարվա դեկտեմբերին վիրաբույժները վիրահատել են Հեյլիին, որից հետո նա կարողանում է նորմալ սնվել: Դրանից հետո բավականին կարճ ժամանակահատվածում նա վերականգնել է նախկին քաշը՝ դրա հետ մեկտեղ նաեւ առողջությունը:



© NEWS.am Medicine