Ամերիկացի դիետոլոգը զգուշացրել է սուշիների եւ ռոլլերի չափազանց մեծ օգտագործման դեմ

22:42   24 մայիսի, 2016

Սուշիները եւ ռոլլերը հիմնականում ընկալվում են որպես առողջության եւ կազմվածքի համար օգտակար սնունդ: Սակայն ամերիկացի հայտնի դիետոլոգ Ռեյչել Բելլերը պնդում է, որ ճապոնական խոհանոցի այդ ժողովրդական ուտեստները մեծ քանակությամբ ածխաջրեր են պարունակում եւ բարձր կալորիականություն ունեն: 

Այդ ուտեստները օգտակար են համարվում ձկան պարունակության շնորհիվ, որը սպիտակուցի արժեքավոր աղբյուր է: Սակայն Ռեյչել Բելլերի խոսքով, իրականում սուշիի մեծամասնությունը շատ քիչ սպիտակուց է պարունակում, գրում է  The Daily Mail-ը:

««Կալիֆորնիա» ռոլլում կամ   բրնձով սուշիում, որի վրա ձկան կտորներ են դրված, ձուկն ընդամենը  5 գրամ է կշռում: 140 գրամ նորման լրացնելու համար անհրաժեշտ է   28-ական սուշի ուտել կամ էլ նույնիսկ ավելին», - նշել է Բելլերը:

Դիետոլոգ Ռեյչել Բելլերի կարծիքով, նրանք, ովքեր սուշի կամ ռոլլեր են օգտագործում որպես թեթեւ նախուտեստ, պետք է իմանան, որ իրականում դրանում շատ կալորիաներ կան: Այսպես,   2-3 ռոլլից կազմված նախուտեստի կալորիականությունը  1050 կալորիա է կազմում, դրանք կարող են հեշտորեն գիրացնել: 

«Տիպական սուշի-ռոլլը 290-ից մինչեւ 350 կիլոկալորիա է պարունակում, իսկ ածխաջրերի պարունակությամբ համարժեք է հացի 2,5-4 կտորի», - հայտնում է փորձագետը:  

 Ածխաջրերի նման բարձր մակարդակը բացատրվում է նրանով, որ սուշիի հիմնական բաղադրիչը կպչուն սպիտակ բրինձն է: Ռեյչել Բելլերը հայտնել է, որ այդ մթերքը վերամշակում է անցնում, ինչի արդյունքում կորցնում է վիտամինները, հանքանյութերը եւ բջջանյութը, բացի այդ, բրինձը եփում  են հոտավետիչներով շաքարաջրում:



© NEWS.am Medicine