Սննդում երկաթի պակասը սակավարյունության միակ պատճառը չէ. ԱՄՆ-ից մասնագետ

18:34   30 մայիսի, 2016

Սննդում երկաթի պակասը մարդկանց մոտ սակավարյունության զարգացման բոլորովին էլ միակ պատճառը չէ, այսինքն սննդամթերքի երկաթով հարստացումը կարող է եւ չլուծել սակավարյունության խնդիրը: Այդ մասին   NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Կոլումբիայի համալսարանի Սննդի ինստիտուտի   (ԱՄՆ) դասախոս Կիմ Հեքիմյանը:

Նրա խոսքով, Հայաստանում սակավարյունության խնդիրն իրոք էլ այժմեական է, սակայն դրա իրական պատճառներն անհայտ են: Բացի սննդի մեջ երկաթի պակասից, սակավարյունության կարող են հանգեցնել նաեւ այլ խնդիրներ, օրինակ` փորլուծությունը, մակաբուծային վարակը, ցելիակիան, կովի կաթից ալերգիան եւ այլն: Եվ սակավարյունության դեմ արդյունավետորեն պայքարելու համար անհրաժեշտ է իմանալ դրա պատճառը: Եթե Հայաստանում երեխաներին երկաթով մթերքներ տան, բոլորովին էլ չենք կարող վստահ լինել, թե դա կօգնի լուծել սակավարյունության խնդիրը, համարում է մասնագետը: 

Հայաստանում, նրա խոսքով, պակասում են հետազոտություններն ու հավաստի տվյալներն այն մասին, թե ինչպես է սնվում բնակչության մեծամասնությունը եւ թե նրանց սննդակարգն ինչպես  է ազդում առողջության վրա: Չի կարելի բացառել, որ հայ երեխաների մոտ սակավարյունության խնդիրը կապված է բոլորովին էլ ոչ նրանց սննդակարգում երկաթի բացակայության հետ, այլ, օրինակ, մակաբուծային վարակների եւ այլ խնդիրների: 

Հիշեցնենք, որ Հայաստանում քննարկվում է մի ծրագիր, որը ենթադրում է ալրի   80 տոկոսով հարստացում ֆոլաթթվով եւ երկաթով, ինչը կօգնի լրացնել մեր սննդակարգում այդ տարրերի պակասը: Նշվում է, որ մանկածնական տարիքի կանանց մոտ ֆոլաթթվի պակասը հանգեցնում է նրան, որ նրանք կարող են նյարդային փողակի ճեղքմամբ երեխաներ ունենալ, իսկ երկաթի պակասը հիմնականում կանանց եւ երեխաների մոտ սակավարյունության է հանգեցնում:



© NEWS.am Medicine