Ենթաստամոքսային գեղձի անբուժելի քաղցկեղին վերադարձրել են դեղերի նկատմամբ խոցելիությունը

15:29   31 մայիսի, 2016

Ջորջիայի Տեխնոլոգիական ինստիտուտի մոլեկուլյար կենսաբանները կարողացել են ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի` դեղերի նկատմամբ կայունությունը հաղթահարել` մեծացնելով չարորակ բջիջներում որոշակի տեսակի միկրոՌՆԹ-ների պարունակությունը: Այդ մոլեկուլները կարգավորում են քիմիաթերապիայի նկատմամբ քաղցկեղի բջիջների ընկալունակության համար պատասխանատու գեների  ակտիվությունը: 

Գիտնականներն իրենց փորձարկումներում մարդկային ադենոկարցինոմայի բջիջների մշակությունը ենթարկել են ցիսպլատինի բազմակի ազդեցության. Դա ցիտոտոքսիկ դեղամիջոց է, որը կիրառվում է քիմիաթերապիայում: Ամեն անգամ դեղամիջոցի չափաբաժինն ավելացրել են` թույլ տալով, որ ողջ մնացած բջիջները բազմանան: Մոտավորապես մեկ տարի անց հետազոտողները ցիսպլատինի նկատմամբ կայուն չարորակ բջիջներ են ստացել: Քիմիաթերապիայի նկատմամբ նրանց անընկալունակությունը   15 անգամ ավելի մեծ է եղել, քան քաղցկեղային ելակետային բջիջներինը: 

Վիճակագրական մեթոդի օգնությամբ, որը հայտնի է որպես գաղտնի մարկովյան մոդել, կենսաբանները գենետիկական փոփոխություններ են ի հայտ բերել, որոնք կարող էին դեղային կայունություն առաջացնել: Գիտնականները համեմատել են ցիսպլատինի նկատմամբ դիմադրողականություն ունեցող եւ ելակետային երկու հազար միկրոՌՆԹ-ով բջիջներ եւ հայտնաբերել են միացությունների   57 տեսակ, որոնք ակտիվացել են կամ, ընդհակառակը, ճնշվել: Միաժամանակ առանձնացվել է miR-374b-ը` միկրոՌՆԹ, որը հավանականության առավելագույն աստիճանով վերահսկում էր թերապիայի նկատմամբ կայունությունը պայմանավորող գեները:  

Լրացուցիչ փորձարկումները ցույց են տվել, որ չարորակ բջիջներում  miR-374b-ի մակարդակի ավելացումը ուռուցքն ավելի ընկալունակ է դարձնում դեղերի նկատմամբ: 

Հետազոտության արդյունքները հրապարակվել են  Cancer Gene Therapy ամսագրում:



© NEWS.am Medicine