Արտաժամյա աշխատանքը կանանց մոտ 3 անգամ մեծացնում է քաղցկեղի ռիսկը

13:08   20 հունիսի, 2016

Արտաժամյա աշխատանքը կանանց մոտ երեք անգամ մեծացնում է քաղցկեղի եւ սրտանոթային համակարգի հիվանդությունների ռիսկը, սակայն նույնը չի կարելի ասել տղամարդկանց մասին: Նման անսպասելի եզրակացության են հանգել ԱՄՆ-ում Օհայոյի համալսարանի գիտնականները:  

Գիտնականների խոսքով, երեք տասնամյակի ընթացքում աշխատաշաբաթի  60 ժամ եւ ավելի տեւողությունը երեք անգամ մեծացնում է ոչ միայն քաղցկեղի եւ սրտի հիվանդությունների, այլեւ դիաբետի եւ հոդացավերի ռիսկը: Այդ բոլոր հիվանդությունների զարգացման ռիսկը սկսում է մեծանալ բոլոր կանանց մոտ, ովքեր շաբաթը 40 եւ ավելի ժամ են աշխատում: Շաբաթական 50 ժամից հետո ռիսկը կտրուկ մեծանում է: 

Գիտնականների կարծիքով, դա կարող է կապված լինել այն բանի հետ, որ կանայք, աշխատանքից բացի, ստիպված են լինում  տնային բազմաթիվ գործեր անել, ինչի հետեւանքով նրանց մոտ սթրեսի մակարդակն աճում է եւ այդ ամենը բացասաբար է ազդում նրանց առողջական վիճակի վրա: 

Հետաքրքիր է սակայն, որ տղամարդիկ նման խնդիր չունեն: Նույնիսկ հակառակն է. որքան ավելի շատ են աշխատում տղամարդիկ, այնքան ավելի առողջ են լինում: Նրանց շրջանում, ովքեր շաբաթական 41-ից 50 ժամ են աշխատում, սրտի, թոքերի հիվանդությունների եւ դեպրեսիայի ռիսկն ավելի ցածր է նրանց համեմատ, ովքեր շաբաթը 40 ժամից պակաս են աշխատում: 

Գիտնականները նաեւ նկատել են, որ քիչ կանանց է իրականում դուր գալիս շատ աշխատելը: Վերջերս անցկացված սոցիոլոգիական հարցումը ցույց է տվել, որ կանանց մեծամասնությանն ավելի դուր է գալիս տնային տնտեսուհի լինելը:



© NEWS.am Medicine