Նոր սարքը կարող է տնային պայմաններում հաշվարկել տղամարդկանց մոտ սպերմատոզոիդների քանակը

23:50   20 հունիսի, 2016

Sandstone Diagnostics ընկերության մասնագետները կրելի սարք են մշակել, որի օգնությամբ տղամարդիկ կկարողանան տնային պայմաններում հաշվարկել սպերմատոզոիդների քանակը: 

Trak-ն իրենից ներկայացնում է կրելի ցենտրիֆուգ, որից օգտվելը հեշտ է եւ պարզ:  Հատուկ միանգամյա քարթրիջի մեջ անհրաժեշտ է փոքրիկ քանակությամբ սերմնահեղուկ տեղադրել, ինչից հետո անհրաժեշտ է քարթրիջը տեղադրել ցենտրիֆուգի ներսում:  

Ցենտրիֆուգացումից հետո սերմնահեղուկը բաժանվում է մի քանի մասի, իսկ սերմնաբջիջները լցվում են նուրբ կոնտեյների մեջ` դրանում տեղավորվելով այնպես, ինչպես ջերմաչափում սնդիկը:  Կոնտեյներում նշաններ են արված, որոնք մատնանշում են սպերմատոզոիդների ցածր, միջին կամ բարձր քանակությունը:   

Հատուկ հավելված է մշակված նաեւ սմարթֆոնի համար, որը համադրելի է սարքի հետ. դրա օգնությամբ հնարավոր է պարզել սպերմատոզոիդների քանակության դինամիկան, ինչպես նաեւ համեմատել պոպուլյացիայում միջին ցուցանիշների հետ: 

Trak սարքավորումն արդեն հավանության է արժանացել ԱՄՆ-ում օգտագործվելու համար: Առայժմ անհնար է այն ձեռք բերել, բայց մշակողները վստահ են, որ այն լայն տարածում կստանա. այժմ արդեն օգտատերերն իրենց համար պատվիրում են առաջին սարքերը, որպեսզի դրանք գնեն վաճառքի սկզբից անմիջապես հետո:



© NEWS.am Medicine