Ստեղծագործելն օգնում է հաղթահարել սթրեսը

20:25   21 հունիսի, 2016

Սթրեսը հաղթահարելու համար պետք է ստեղծագործել, ընդ որում, անհրաժեշտ է դրան օրական 45 րոպե հատկացնել: Եվ բոլորովին կարեւոր չէ, թե արդյոք դուք պրոֆեսիոնալ նկարիչ եք, թե նկարում եք կետերով: Ստեղծագործական զբաղմունքներն օգտակար են բոլորի համար, նույնիսկ նրանց, ովքեր նկարելու, քանդակի եւ այլ ոլորտներում տաղանդ չունեն: 

Գիրիյա Քայմալն ու իր գործընկերները փորձարկում են կատարել, որին 39 մարդ է մասնակցել: Նրանց բոլորին առաջարկվել է արթ-թերապիայի   45 րոպեանոց պարապմունք անցնել. նրանք կարող էին ստեղծագործել` օգտագործելով ցանկացած նյութ եւ չհետեւելով որեւէ կանոնի: Հետազոտողները մասնակիցների թքի նմուշներ են վերցրել ստեղծագործական զբաղմունքի սկզբից առաջ եւ հետո եւ չափել են կորտիզոլի մակարդակը:

Պարզվել է, որ պարապմունքի ընթացքում կորտիզոլի մակարդակը նվազել է մասնակիցների 75 տոկոսի մոտ: Հեղինակները սպասում էին, որ նվազումն ավելի էական կլինի ստեղծագործական մասնագիտությունների մարդկանց մոտ:  Սակայն նման էֆեկտ դիտարկվել է ոչ միայն պրոֆեսիոնալ նկարիչների մոտ, այլեւ նրանց, ովքեր ստեղծագործական բավականին համեստ կարողություններ են ունեցել:  

Հեղինակները մասնակիցներին խնդրել են պատմել պարապմունքից իրենց զգացողությունների մասին: Կորտիզոլի խտության առավել էական փոփոխություն դիտարկվել է այն մասնակիցների մոտ, որոնք փորձարկումից հետո պատասխանել են, որ  նման պարապմունքը «թույլ է տվել իրենց մասին ինչ-որ նոր բան իմանալ», ինչպես նաեւ նրանց մոտ, ովքեր այն նկարագրել են որպես «զարգացման գործընթաց սկզբից մինչեւ վերջ»:



© NEWS.am Medicine