Աորտայի վրա մինի-պոմպը թուլացած սրտին կօգնի արյուն մղել

21:34   21 հունիսի, 2016

Լոզանի Դաշնային պոլիտեխնիկական դպրոցի մասնագետների նոր մշակումը կարող է օգտակար լինել այն մարդկանց համար, որոնց սիրտը թուլացել է հիվանդությունների հետեւանքով կամ որոնք այդ օրգանի փոխպատվաստման են սպասում: Սարքն ամրացվում է աորտայի շուրջը եւ սրտին օգնում է արյուն մղել:  

Դիէլեկտրիկ էլեկտրոակտիվ պոլիմեր  (Dielectric Electro Active polymer, DEAP) անունով սարքը տեղադրվում է աորտայի շուրջը` այն տեղում, որտեղ այն դուրս է գալիս ձախ փորոքից: Սարքը կազմված է երեք բարակ օղակից, որոնք պատրաստված են հատուկ էլեկտրական հատկանիշներ ունեցող նյութից: Յուրաքանչյուր օղակի վրա էլեկտրոդներ կան: Հոսանքը միացնելիս սարքն ընդլայնվում է, անջատելիս` սեղմվում   (օղակներից յուրաքանչյուրն ըստ հերթականության) եւ արյունը մղում է աորտայով` օգնելով սրտին:    «Էլեկտրական սրտազարկը» ի հայտ է գալիս մագնիսական ինդուկցիայի շնորհիվ:  

Նման կառուցվածքով մինի-պոմպը մի քանի առավելություն ունի: Նախ` վիրահատության ընթացքում գործնականում չեն դիպչում անմիջապես սրտին, երկրորդ` օղակներն արյան հետ ուղղակի շփում չունեն, համապատասխանաբար` փոքր է հեմոլիզի եւ, որպես հետեւանք, արյան զեղումների հավանականությունը, երրորդ` ոչ մի հաղորդալար չկա: Զարկերակը կարելի է կառավարել ռեալ ժամանակի ռեժիմում, որովհետեւ օղակներն անմիջապես արձագանքում են հոսանքին:  

Գյուտը նախատիպի փուլում է: Հետազոտողները նախատեսել են լրացուցիչ բարելավումներ կատարել, իսկ հետո սարքը փորձարկել այնպիսի հեղուկների վրա, որոնք արյանը նման հատկանիշներ ունեն, օրինակ` գլիցերոլի:  Գիտական խումբն աշխատում է Բեռնի Համալսարանական հոսպիտալի հետ համագործակցությամբ, որտեղ հնարավորություն կա կլինիկական փորձարկումներ կատարելու:



© NEWS.am Medicine