Վիրաբույժի սխալի հետեւանքով մահացած կինը երեք օր արտաթորանք է փսխել

20:33   23 հունիսի, 2016

Ավստրալական Նոր Հարավային Ուելս նահանգից երկու երեխայի մայր 61-ամյա Քոլլին Ստեֆանիզունը մահացել է անհաջող վիրահատությունից   4 օր անց, այն կատարել է բժիշկ Օլիվեր Բրաունը  Newcastle Private Hospital հիվանդանոցում: Մահից առաջ ամբողջ երեք օր կինն արտաթորանք է փսխել:  

Վիրահատության ընթացքում (հեշտոցային հիստերեկտոմիա, որն անցկացվում էր հենց հիվանդի ցանկությամբ) կարի նյութից հանգույցը փաթաթվել է կնոջ աղիքի շուրջը եւ արգելափակել է այն, ինչն էլ արտաթորանքային զանգված փսխելու պատճառ է դարձել: 

Այժմ նահանգի Գերագույն դատարանը որոշել է, որ խնդիրը ժամանակին չի հայտնաբերվել եւ բժիշկներն ամեն հնարավորը չեն արել հիվանդին փրկելու համար: 

«Նա բազմիցս արտաթորանք է փսխել, դրանց մի մասը հայտնվել է նրա թոքերում, ինչը թոքաբորբի պատճառ է դարձել, նրա էլեկտրոլիտային հաշվեկշիռը խախտվել է, թթվածնի մակարդակը նվազել է եւ վերջապես նրա սիրտը կանգ է առել,-ասված է դատավորի որոշման մեջ: Այդ կնոջ մահը հնարավոր էր կանխել, եթե բժիշկները ժամանակին անհրաժեշտ միջոցներ ձեռք առնեին: Սակայն նրա ախտանիշների պատճառները չէին հետազոտվել»:

Դատավորը սուր քննադատության է ենթարկել բժշկական կենտրոնին, որի աշխատակիցները կոպտորեն խախտել են հիվանդների առողջությունը պահպանելու իրենց պարտքը, ինչն էլ Քոլլինի մահվան պատճառ է դարձել: Հիվանդանոցի ղեկավարությունը հանգուցյալի ամուսնու եւ երկու աղջկա հետ պայմանավորվել է անհրաժեշտ փոխհատուցում վճարել:



© NEWS.am Medicine