Ծնոտի վիրահատությունից հետո ամերիկուհին բրիտանական առոգանություն է ձեռք բերել

13:29   25 հունիսի, 2016

2015-ի դեկտեմբերին Թեքսասից 33-ամյա Լիզա Ալամիեին վիրահատել են` շտկելու սխալ ատամնանստվածքը: Վիրահատությունը հաջող է անցել, սակայն ամերիկուհին, անզգայացումից հետո արթնանալով, բրիտանական առոգանությամբ է խոսել:

Բժիշկն ասել է, որ անսովոր «երկրորդական էֆեկտը» կարող է վիրահատության հետեւանքը լինել եւ շուտով կանցնի, բայց հիվանդանոցից դուրս գրվելուց մի քանի ամիս անց էլ Լիզայի խոսքն առաջվանը չի դարձել:  

Նյարդաբան Թոբի Յալտուն Լիզայի մոտ հազվագյուտ խանգարում է ախտորոշել` օտար առոգանության համախտանիշ: Նա պարզաբանել է, որ այդ համախտանիշն իրոք հազվագյուտ է եւ որոշ մասնագետներ իրենց ամբողջ պրակտիկայի ընթացքում ոչ մի անգամ չեն բախվում դրան: 

Լիզային ՄՌՏ են արել եւ էլեկտրոէնցեֆալոգրամմա, որոնք որեւէ շեղում ի հայտ չեն բերել: Նա մինչ օրս էլ շարունակում է խոսել բրիտանական առոգանությամբ, իսկ դրա պատճառն այդպես էլ ոչ ոք չի կարողացել հասկանալ: 

KHOU ալիքին տված հարցազրույցում նա հայտնել է, որ հարազատ քաղաքի մարդիկ չեն հավատում, որ ինքը բրիտանուհի չէ: 

«Մարդիկ, որոնք ինձ չեն ճանաչում, հարցնում են, թե որտեղից եմ: Ես ասում եմ, որ Ռոզենբերգից եմ: Իսկ նրանք ասում են. «Դա որտե՞ղ է»: Իսկ ես ասում եմ. «Հենց էստեղ` Ռոզենբերգը»: Այդ ժամանակ նրանք հարցնում են. «Վայ, դու էստեղի՞ց ես: Բա ինչո՞ւ ես այդքան տարօրինակ խոսում»,-պատմել է Լիզան: 

Օտար առոգանության համախտանիշն առաջին անգամ նկարագրվել է ֆրանսիացի նյարդաբան Պյեր Մարիի կողմից`  1907-ին: Մինչ օրս հայտնի է այդ խանգարման ընդամենը հարյուր դեպք:   Համախտանիշը սովորաբար հիվանդների մոտ ի հայտ է գալիս  ուղեղի կաթվածից, գլխուղեղի վնասվածքից հետո, ինչպես նաեւ ցրված սկլերոզով հիվանդների մոտ: Այդ համախտանիշով մարդիկ սկսում են խոսել անսովոր առոգանությամբ, որը նրանք նախկինում երբեք չեն ունեցել: 

Մարդիկ կարող են անսովոր առոգանությամբ խոսել մի քանի ամսվա կամ նույնիսկ տարվա ընթացքում, երբեմն համախտանիշն ինքնուրույն անցնում է, բայց որոշ դեպքերում ընդմիշտ մնում է: Օտար առոգանության համախտանիշի բուժման հայտնի միջոցներ առայժմ չկան:



© NEWS.am Medicine