Ինչպես սպորտով զբաղվելն ավելի հետաքրքիր եւ հաճելի դարձնել. 5 խորհուրդ

16:03   26 հունիսի, 2016

Շատ մարդկանց համար շատ բարդ է իրենց ստիպել վեր կենալ բազմոցից եւ գնալ մարզման: Ինչպե՞ս ստիպել ինքն իրեն:   Ինչպե՞ս սպորտով զբաղվելն ավելի հետաքրքիր եւ հաճելի դարձնել: Բրիտանացի գիտնականներն այդ մասին մի քանի հետաքրքիր խորհուրդ են տվել The Daily Mail-ի էջերում:

1. Ընտրեք սպորտի այն տեսակները, որոնք Ձեզ դուր են գալիս

Որոշ մարդիկ լողալ են սիրում, մյուսները` զբոսնել, երրորդները` վազել: Գտեք սպորտի այն տեսակը, որը դուր է գալիս հենց Ձեզ եւ որը Դուք որպես խաղ, զվարճանք կընկալեք: 

Զբաղմունքների ընթացքում ջանացեք հաճույք ստանալ հենց գործընթացից եւ չմտածել, թե դա երբ է վերջապես ավարտվելու: Մի մտածեք ժամանակի մասին, ձեզ մի համեմատեք ուրիշների հետ, ուղղակի հաճույք ստացեք` հասկանալով, որ մարզվում եք հանուն ձեզ, հանուն ձեր առողջության եւ լավ ինքնազգացողության:  

2. Յուրաքանչյուր փոքրիկ քայլը կարեւոր է

Ֆիզիկական ակտիվությունը կարելի է մեղմորեն ներդնել սեփական կյանքում: Ջանացեք ճաշի ընդմիջման ընթացքում փոքրիկ զբոսանքների դուրս գալ, մեքենան սովորականից հեռու կայանել, սանդուղքով բարձրանալ, ոչ թե վերելակով:     Շուտով այդ ամենը սովորույթ կդառնա, եւ Դուք ավելի շատ կշարժվեք, քան առաջ եւ դա ձեզ ոչ մի անհարմարություն չի պատճառի: 

3. Ընկերներին ներգրավեք

Եթե Ձեզ համար ձանձրալի է մենակ մարզվելը, ընկերներին կամ ընտանիքի անդամներին ներգրավեք մարզման մեջ: Որպես տարբերակ, մարզասրահում նոր մարդկանց հետ ծանոթացեք: Կարծիք կա, որ ընկերների հետ ավելի զվարճալի է սպորտով զբաղվելը եւ որ մարդը, իմանալով, որ ընկերներն իր հետ են լինելու, ավելի հազվադեպ է բաց թողնում մարզումները: 

4. Ձեզ ժամանակ նվիրեք 

Զբաղված օրվա ընթացքում դժվար է իր համար ժամանակ գտնելը: Մարզումը կարող է լինել հենց այն ժամանակը, որը Դուք կարող եք նվիրել ձեզ եւ միայն ձեզ: Բացի այդ, սպորտով զբաղվելը մեզ օգնում է կենտրոնացնել մտքերը եւ հենց այդ մարզումների ընթացքում մենք կարող ենք որեւէ իրոք ստեղծագործական բան մտածել: 

5. Վերհիշեք անցյալը

Դուք ինչո՞վ էիք զբաղվում, երբ սովորում էիք դպրոցում կամ համալսարանում: Գուցե թենիսո՞վ, ֆուտբոլո՞վ, պարերո՞վ: Այդ ժամանակ Դուք ի՞նչ էիք զգում:  Այժմ, շատ տարիներ անց, չե՞ք ուզում նորից զբաղվել սպորտի այդ տեսակներով եւ վերհիշել պատանեկությունը:



© NEWS.am Medicine