Անհրաժեշտ է վերանայել ծննդյան վկայականի հայկական ձեւը. հոգեբան

15:38   27 հունիսի, 2016

Հայաստանում այսօր օգտագործվող ծննդյան վկայականի ձեւը մի շարք խնդիրներ ունի եւ պետք է վերանայվի, կարծում է հոգեբան, սեռաբան Հրաչյա Տաթեւյանը: Նրա կարծիքով, լրջագույն խնդիրներից մեկն այդ վկայականում «սեռ» սյունակի բացակայությունն է:

Նրա կարծիքով, այս սյունակի բացակայությունն առաջին հերթին խնդիրներ կարող է ստեղծել անձնագիր ստանալիս (16 տարեկանում կամ ավելի վաղ, եթե նրան անհրաժեշտ է մեկնել երկրից):

Հոգեբանը հարցնում է, թե ինչի հիման վրա են անձնագրային սեղանի աշխատակիցները գրում մարդու սեռը, եթե այն նշված չէ ծննդյան վկայականում:  Ի վերջո, շատ   «ունիսեքս անուններ» կան, որոնցով կարող են անվանակոչել եւ տղաներին, եւ աղջիկներին, այդ պատճառով ծննդյան վկայականում նշված անունով ոչ միշտ է հնարավոր հասկանալ, թե որն է մարդու սեռը: Իսկ եթե երեխան, որը պետք է անձնագիր ստանա, փոքր է եւ   «չեզոք» հագուստ է հագած եւ «չեզոք» անուն ունի, անձնագրային սեղանի աշխատակիցն ինչպես պետք է հասկանա, թե  ինչ սեռ գրի նրա անձնագրում: Հոգեբանը հարցնում է, թե արդյո՞ք նա պետք է հանի երեխայի հագուստը եւ նայի, թե ինչ սեռ ունի: 

Ավելին, իր սեռի հստակ ընկալումը կարող է սեռական ինքնանույնացման խնդիրների հանգեցնել, նշել է մասնագետը: 

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն իր հերթին նշել է, որ ծննդյան վկայականում «սեռ» սյունակի բացակայության պատճառը հավանաբար այն է, որ հայ վկայականները թարգմանվել են ռուսերենից եւ հիմքում ընկած է խորհրդային փաստաթուղթը: Ռուսական եւ խորհրդային վկայականներում գրվում է «гражданин/гражданка», «родился/родилась», եւ ըստ այդ սյունակների հնարավոր է հասկանալ, թե մարդն ինչ սեռի է: Իսկ հայերենում սեռեր չկան, այդ պատճառով ըստ վկայականի, որում չկա  «սեռ» հատուկ սյունակ, ոչ մի կերպ հնարավոր չէ հասկանալ, թե մարդն ինչ սեռի է:

Մասնագետները ցույց են տվել ԱՄՆ-ի մի շարք նահանգների եւ եվրոպական երկրների ծննդյան վկայականներ, ամենուր կար «սեռ» սյունակը:

Ըստ Հրաչյա Տաթեւյանի, հայկական ծննդյան վկայականի մեկ այլ խնդիր կապված է «քաղաքացիություն» սյունակի բացակայության հետ. առկա է միայն  «ազգություն» սյունակ: Շատ երկրներում այսօր քաղաքացիությունը էթնիկ պատկանելիությունից բարձր է դասվում, այդ պատճառով  հոգեբանի համար անհասկանալի է, թե ինչու ծննդյան մեր վկայականում տեղեկություն կա երեխայի եւ նրա ծնողների ազգության մասին, բայց տեղեկություն չկա քաղաքացիության մասին:



© NEWS.am Medicine