Քրոսֆիթը վտանգավոր է երիտասարդների հոդերի համար

23:49   27 հունիսի, 2016

Սպորտն իհարկե օգտակար է առողջությանը, բայց դրանով տարվածությունը կարող է շատ վտանգավոր լինել. բարձր ինտենսիվ մարզումներով, այդ թվում` քրոսֆիթով եւ սումոյի կքանստումներով տարվածությունը հանգեցնում է նույնիսկ 20-30 տարեկան երիտասարդների հոդերի վնասվածքների եւ հաճախ նրանք հոդերի փոխարինման վիրահատության կարիք են ունենում, որոնք սովորաբար անում են 60 տարեկանից մեծ մարդկանց:

Տվյալ ֆիթնես-ծրագրերն այսօր մեծ ժողովրդականություն են վայելում, որովհետեւ թույլ են տալիս լավ արդյունքի հասնել` վարժությունների վրա շատ քիչ ժամանակ ծախսելով: Սակայն Սաութհեմփթոնի համալսարանից վիրաբույժ-օրթոպեդ Հորավ Դատտան պնդում է, որ վերջերս ամեն տարի 30 տարեկանից երիտասարդ առնվազն 200 հիվանդ է ընդունում, որոնք ինտենսիվ մարզումների պատճառով ծանր վնասվածքներ են  ստացած լինում եւ վիրահատության կարիք են ունենում:  Ընդամենը երկու կամ երեք տարի առաջ  նման վնասվածքներով հիվանդների թիվը   տարեկան 50-ից ավելին չէր, նրանք էլ զինվորականներ էին կամ էլ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ: Այժմ նրա հիվանդներն ամենատարբեր մասնագիտություններ ունեն, իսկ քրոսֆիթով եւ այլ բարձր ինտենսիվ մարզումներով հենց այնպես են զբաղվում, «հոգու համար»:

Բժիշկն ընդգծում է, որ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը շատ օգտակար է առողջության համար, սակայն անհրաժեշտ է միջոցներ ձեռք առնել լուրջ վնասվածքներից խուսափելու համար: Բացի այդ, ավելի լավ է չափավոր եւ պակաս ինտենսիվ վարժություններ կատարել, որոնք չեն վնասի օրգանիզմին եւ վնասվածքների չեն հանգեցնի:  

Ոչ այնքան վերջերս Օքսֆորդի համալսարանի հետազոտողները հաշվարկել էին, որ Անգլիայում լապարոսկոպիկ վիրահատությունների թիվը 2002-2013 թվականներին աճել է 730 տոկոսով: Փորձագետները կանխատեսում են, որ 2023-ին այդ թիվը կաճի եւս   1400 տոկոսով: Եթե 13 տարի առաջ հիվանդների միջին տարիքը մոտենում էր 45 տարուն, 2013-ին այն 35 տարի է կազմել:



© NEWS.am Medicine