Քթի երեք անհաջող վիրահատությունները այլանդակել են կնոջ դեմքը (լուսանկար)

13:03   29 հունիսի, 2016

Մանուկ հասակում կնոջը ծաղրում էին Նեսսի-մեծ քիթ անունով, եւ նա միշտ երազում էր վիրահատություն կատարել եւ փոքրացնել իր քիթը:  6 տարի առաջ Վանեսսա Բրուքսը անգլիական Նորվիչից վերջապես որոշել է քթի վիրահատություն կատարել: Բոլոր երեք վիրահատություններն էլ, որոնցով նա անցել է, ծայրաստիճան անհաջող էին եւ դրանց պատճառով նա կորցրել է ինքնավստահությունը, ամուսնուն, աշխատանքը եւ ընկերներին: 

Վիրահատությունը պետք է մեծացներ նրա ինքնավստահությունը եւ փրկեր ամուսնությունը. նա վիրահատության էր դիմել ամուսնու խորհրդով: Բայց հենց առաջին վիրահատությունից հետո Վանեսսայի քիթը բժիշկների սխալի պատճառով ավելի վատ տեսք ուներ, քան մինչեւ վիրահատությունը եւ նա դադարեց տնից դուրս գալ: Որոշ ժամանակ անց նրա ամուսնությունը քայքայվեց:

Կինը հույս ուներ, որ նոր վիրահատությունները կօգնեն ամեն ինչ շտկել, բայց դրանցից հետո էլ նա ընդամենը ծռմռված քիթ ստացավ եւ հսկայական քթանցքներ, ինչպես նաեւ շնչառության հետ կապված խնդիրներ: 

«Քթի պլաստիկ վիրահատությունն ավերեց իմ կյանքը. պատմել է կինը: Ես հրեշի նմանվեցի, դա սարսափելի էր: Ինձ գրեթե 5 տարի անհրաժեշտ եղավ, որպեսզի վերականգնեմ ինքնավստահությունս»:

Միայն անցյալ տարվա մարտին Վանեսսան այնուամենայնիվ 50 000  ֆունտի փոխհատուցում ստացավ վիրաբույժից, որը կատարել էր այդ վիրահատությունները: Իսկ վերջերս նա քթի եւս մեկ վիրահատության է ենթարկվել, որից հետո նրա քիթն անհամեմատ ավելի լավ տեսք ունի: 

Spire Hospital-ում բժիշկ Ջոն Քլիբբոնի կատարած առաջին վիրատության արժեքը 5 500 ֆունտ էր: Այդ գումարը վճարել էր Վանեսսայի նախկին ամուսինը: Արդեն հետվիրահատական բինտի դրվածքից, որը ծռվում էր դեմքին, Վանեսսան հասկացել էր, որ քիթն այլանդակված է: Կինը խոստովանել է, որ այնպիսի տեսք ուներ, ասես ռինգում 10 ռաունդ կռվել էր Մայք Թայսոնի հետ:

Որոշ ժամանակ անց վիրաբույժը հեռացրել էր վարակված կարերը եւ կրկնական վիրահատություն էր առաջարկել: Դրանից հետո Վանեսսան տնից վերջնականապես հանել էր բոլոր հայելիները, իսկ դեպրեսիայի պատճառով զրկվել էր աշխատանքից եւ ընկերներից: 

Հետո նա սկսեց ինտերնետում շփվել մանկության ընկերոջ հետ, նրանց միջեւ հարաբերություններ առաջացան եւ նա կնոջը համոզեց երրորդ վիրահատությունն անել, որից հետո նրա քիթը S տառի ձեւը ստացավ: Կնոջ կուտակած բոլոր գումարները վերջացան եւ եթե չլիներ դատարանի միջոցով նրա ստացած փոխհատուցումը, չորրորդ` ամենահաջող վիրահատության համար փողն ուղղակի չէր հերիքի:



© NEWS.am Medicine