Արթիկ քաղաքում ջրհեղեղից հետո խմելու ջրի որակի հետ կապված խնդիր չի առաջացել. ՀՀ ԱՆ

19:03   29 հունիսի, 2016

Արթիկ քաղաքում հունիսի 24-ին տեղի ունեցած ջրհեղեղի արդյունքում վթարվել էր նաեւ 120մմ տրամագծով խմելու ջրի խողովակը, որը սնում է քաղաքի Անկախության եւ Բաղրամյան փողոցները` հարակից տարածքներով:

ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի» Շիրակի մասնաճյուղն անմիջապես կապ է հաստատել Արթիկի «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի Հյուսիս-արեւմտյան մասնաճյուղի Արթիկի տեղամասի կոմերցիոն ծառայության պետ Կ.Չախոյանի հետ։ Առաջարկվել է դադարեցնել տվյալ փողոցների ջրամատակարարումը, քննարկվել են վթարի վերացման հնարավորությունները։ Միաժամանակ հանձնարարվել է առաջիկա 2-3 օրերին ապահովել Արթիկի խմելու ջրի անհրաժեշտ քլորացում:

Նույն օրը, ժամը 18.30-19.30-ի սահմաններում ՀՎԿԱԿ ՊՈԱԿ-ի Շիրակի մասնաճյուղի աշխատակիցներն Արթիկում, հորդառատ անձրեւի պայմաններում, վերցրել են խմելու ջրի վեց նմուշ մնացորդային քլորի որոշման եւ մանրէաբանական հետազոտությունների նպատակով։ Շեղումներ չեն արձանագրվել:

Հունիսի 25-ին, ժամը 8.00-ին «ՀՎԿԱԿ» ՊՈԱԿ-ի Շիրակի մասնաճյուղի տնօրեն Վարդան Ուռուտյանն աշխատանքային խմբի հետ եղել է Արթիկում եւ Կ.Չախոյանի հետ միասին կատարել է ջրամատակարարման ցանցի ուսումնասիրություն` շարունակելով խմելու ջրի նմուշառման գործընթացը: Նույն օրը, ժամը 10.00-ի դրությամբ քլորակայանից դուրս եկող առաջին կետում մնացորդային քլորի պարունակությունը եղել է նորմալ։ Կատարվել է 10 նմուշառում մնացորդային քլորի որոշման եւ մանրէաբանական հետազոտությունների նպատակով։ Կրկին շեղումներ չեն արձանագրվել:

Տասական նմուշառումներ են կատարվել նաեւ հետագա օրերին` հունիսի 26-ին, 27-ին, 28-ին եւ 29-ին։ Կրկին շեղումներ չեն հայտնաբերվել։ Իրականացվել են նաեւ բակային համայցեր եւ զրույցներ բնակիչների հետ։ Նրանց հորդորվել է գանգատների դեպքում դիմել Արթիկի ԲԿ:

ՀՎԿԱԿ ՊՈԱԿ-ի Շիրակի մասնաճյուղի աշխատակիցներն այսօր եւս տեղում աշխատում են։ Նշված փողոցների յոթ տուն ջրամատակարարող կազմակերպության կողմից չեն ապահովվել խմելու ջրով, քանի որ այդ տների հատակը 50-100սմ ծածկված է տիղմով եւ քարերով։ Բնակիչներն օգտվում են հարակից տների ջրից:

 



© NEWS.am Medicine