Արժե՞ արդյոք երեխային ամառային դպրոց ուղարկել

19:42   1 հուլիսի, 2016

Աշխատող շատ ծնողներին շատ լավ միտք է թվում երեխային ամառային դպրոց ուղարկելը, չէ որ երեխան անգործ չի նստի, միշտ հսկողության տակ կլինի եւ հավանաբար որեւէ նոր բան կսովորի: Բայց արդյոք ամառային դպրոցն այդքան լավ բան է հենց երեխայի տեսանկյունից: Այդ հարցը հասկանալ օգնել է հոգեբան Արմինե Փաշայանը:  

Նրա խոսքով, ամառային դպրոցը մի շարք դրական եւ բացասական կողմեր ունի, որոնք անհրաժեշտ է հաշվի առնել` որոշում կայացնելիս, թե արդյոք երեխային ուղարկել այնտեղ: 

Նման դպրոցի առավելություններն անկասկած նրանում են, որ երեխան տանը մենակ չի նստի, մինչ ծնողներն աշխատում են, բայց դայակ գտնելու կարիք էլ չի լինի: Բացի այդ, երեխան իրոք էլ կարող է շատ նոր բան սովորել, ծանոթանալ նոր մարդկանց հետ եւ լավ ժամանակ անցկացնել: 

Ամառային դպրոցի մեծագույն բացասական կողմերից մեկն այն է, որ երեխային զրկում է ընտրությունից եւ ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորությունից: Նման դպրոցում երեխան ստիպված կլինի անել այն, ինչ իրեն ասում են, եւ նույնիսկ այնպիսի խաղեր խաղալ, որոնք նրա համար պլանավորել են մեծերը: Միաժամանակ երեխայի ցանկությունները ոչ ոք հաշվի չի առնում, չնայած նա գուցե ավելի հաճույքով այլ խաղ կխաղար կամ ընդհանրապես չէր խաղա:  

Բացի այդ, ամառը տարվա այն եղանակն է, երբ ծնողները կարող են բավականաչափ ժամանակ անցկացնել երեխաների հետ: Սակայն եթե համատեղ հանգստի փոխարեն երեխաները ամառային դպրոց գնան, իսկ ծնողներն աշխատեն, դա հազիվ թե նպաստի նրանց միջեւ հարաբերությունների ամրապնդմանը: 

Հոգեբանը նշել է, որ ամառային դպրոցն այնուամենայնիվ լավ միտք է, եթե դրանում ամեն ինչ ճիշտ է կազմակերպված, եթե երեխային հետաքրքիր է այնտեղ եւ եթե նրա մոտ ազատ ժամանակ է մնում, որն ինքն է որոշում, թե ինչին նվիրի: Ցանկալի է նաեւ, որ ամառվա ընթացքում ծնողները կարողանան գոնե մի քանի շաբաթ հատկացնել երեխաների հետ համատեղ հանգստին:



© NEWS.am Medicine