Բժիշկներն առաջին անգամ սառեցրել են քաղցկեղով հիվանդ երկու տարեկան աղջկա ձվաբջիջները

10:40   4 հուլիսի, 2016

Oxford University -ի բժիշկներն աշխարհում առաջին անգամ սառեցրել են քաղցկեղից բուժվող երկու տարեկան աղջկա ձվաբջիջները: Ինտենսիվ քիմիաթերապիայից հետո աղջիկը կարող էր զրկվել հղիանալու հնարավորությունից, սակայն եթե այս ձեւով նրա ձվաբջիջները պահպանվեն, ապագայում նա մայրանալու հնարավորություն կունենա:

Հիմա այս երեխան, որի անունը չեն հայտնում, ամենամանկահասակ հիվանդն է, որն անցել է նման բուժակարգ:

Նման դեպքերում բեղունության պահպանման համար հիմա երկու մոտեցում է գործածվում: Մի դեպքում սառեցվում են ձվարանների հյուսվածքները, որոնք հետագայում անհրաժեշտության դեպքում պատվաստում են հիվանդներին: Մյուս դեպքում հետազոտողները զարգացնում ու հետո են սառեցնում ձվարանի հյուսվածքներից վերցված ոչ հասուն ձվաբջիջները: Հենց այս մոտեցումն էլ կիրառել են Օքսֆորդի գիտնականները:

Թիմ Չայլդը պարզաբանել է, որ առայժմ արվել է միայն մեկ սառեցում, բայց նման բուժակարգի կենթարկվեն նաեւ մյուս աղջիկ երեխաները, որոնք բուժվում են քաղցկեղից: Չնայած այն մասին, թե որքանով արդյունավետ կլինի նման սառեցումը, կարելի է դատել միայն 20 տարի հետո, երբ աղջիկները մեծանան ու հղիանալու ցանկություն ունենան:

Հիշեցնենք, որ անցած տարի բելգիացի բժիշկները հայտնել էին մի կնոջ մասին, որը կարողացել էր երեխա ունենալ ՝ դեռահասության տարիքում հեռացված ձվարանի սառեցված մի մասի ներպատվաստումից հետո: Կինը տառապում էր մանգաղաձեւ բջիջներով անեմիայով, որի դեպքում անհրաժեշտ է ոսկրածուծի պատվաստում, որից առաջ քիմիաթերապիա են անցնում: Մինչեւ քիմիաթերապիա սկսելը աղջկա աջ ձվարանը հեռացրել են, իսկ դրա հյուսվածքի որոշ մասերը սառեցրել:

 



© NEWS.am Medicine